Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ այսօր` ժամը 13:30-ի սահմաններում ադրբեջանական զինծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի երկու տասնյակ ձիերը:
Թաթոյանը մանրամասնում է, որ հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել են «ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում»:
Ադրբեջանական զինված ծառայողներն, ըստ օմբուդսմենի, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը: Թաթոյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինծառայողների գողության փորձը կանխվել է ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ:
«Դեպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ)», - նշել է Թաթոյանը:
Նրա պնդմամբ՝ ՄԻՊ փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ դրսևորում են բացահայտ հանցավոր արարքներ:
«Նրանք, փաստորեն, ուղիղ դիտավորությամբ կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու նպատակով:
Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ այս հանցավոր արարքները սկսվել են, երբ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք», - ասված է ՄԻՊ հայտարարությունում:
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:
«Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ: ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն: Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները», - ընդգծել է Թաթոյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:
Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ ներկայացրեց՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զինված ուժերի հետքաշում և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդների տեղակայում: