Փենսն ասել է, որ Կապիտոլիումի բռնությունների հետ կապված իր և Թրամփի հայացքները հնարավոր է երբեք չհամընկնեն

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Մայք Փենսը 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած բռնությունների մասին ասել է, որ դա «սև ու ողբերգական» օր էր Ամերիկայի պատմության մեջ և նշել, թե համոզված չէ, որ այդ օրվա հետ կապված իր և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայացքները երբևէ կարող են համընկնել։

Փենսը ոչինչ չի ասել քաղաքական իր հետագա պլանների մասին, բայց երեկվա նրա մեկնաբանությունը դիտարկվում է երկխոսության մասնակցություն հանրապետականների ներսում, որը փորձում է բարելավել դիրքերը 2020-ին նախագահական և սենատի ընտրություններում կրած պարտություններից հետո։

Թամփի ու Փենսի համատեղ աշխատանքը տխուր վերջաբան ունեցավ։ Փենսը հրաժարվել էր պաշտպանել նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը Կոնգրեսում արգելափակելու Թրամփի խնդրանքը։ Ընտրական կոլեգիայի տվյալների վերջնական վավերացումը նշանակված էր հունվարի 6-ին։ Նույն օրը Թրամփի աջակից ցուցարարները գրոհեցին Կապիտոլիումը։ Բռնությունների հետևանքով Կոնգրեսի նիստն ընդհատվեց, բայց իրավիճակը հանդարտվելուց հետո կոնգրեսականները վավերացրեցին ընտրությունների արդյունքները։

Նախկին նախագահի խորհրդականներն ասել են, որ Թրամփը Փենսից հիասթափված է մնում վավերացման գործընթացը չարգելափակելու համար։

Փենսը մասնակցել էր Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, իսկ Թրամփը՝ ոչ։