Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավարտեց իր հանդիպումը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ և այժմ արդեն պետք է ուղևորվի Փարիզի քաղաքապետարան` հանդիպելու քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Սրան կհաջորդի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դա կլինի վերջին կետը Փարիզում, ինչից հետո վարչապետի պաշտոնակատարը կմեկնի Բրյուսել` վաղը հանդիպումներ ունենալու Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով»
Մինչ այդ այսօր Փաշինյանի գլխավոր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ էր: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում հենց նրա հրավերով: Մինչև աշխատանքային ճաշի անցնելը երկու երկրների ղեկավարները հայտարարություն արեցին լրատվամիջոցների համար:
Մակրոնը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն այս պահին ճգնաժամային իրավիճակում է գտնվում, ՀՀ-ի համար դժվարին փուլում է կայանում Փաշինյանի այցը: Միաժամանակ շեշտեց` Ֆրանսիան պատրաստ է աջակցել և առաջին հերթին ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցում, ինչպես նաև ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի մինչև մայիսի 11-ի ելման դիրքեր, և որ սահմանագծման գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
«Շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Փարիզում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին: Թանկագի՛ն Նիկոլ, մենք շատ ենք աշխատել միասին վերջին տարիներին Ձեր հանձնառությունից ի վեր` ի նպաստ ժողովրդավարության պայքարի, կոռուպցիայի դեմ, և ես հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի, գագաթնաժողովը, իմ այցելությունը Երևան և մեր այցելությունները և մեր քննարկումները:
Այս աշխատանքային այցելությունը շատ կարևոր պահի է իրականացվում, Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր մենք նկատում ենք, որ եթե նույնիսկ ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, բայց անելիքները շատ են, Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում:
Առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, ինչպես նաև մյուս բանտարկյալների, նաև մարդասիրական օգնության հարցը, տարածքների ականազերծումը, նաև շատ կարևոր հարց է ժառանգության պահպանությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում` լինի թե՛ քրիստոնեական և թե՛ մահմեդական ժառանգություն, պետք է անպայման պահպանվի», - ասել է Մակրոնը` շարունակելով. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի կողմերը դեէսկալացիայի հասնեն, և հաստատվի երկխոսություն։
Դրանից բացի, ուզում եմ նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել եմ պարոն Փաշինյանին և հրապարակայնորեն հենց մայիսի 13-ից, սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր։
Կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում: Այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ինչպես միշտ` թե մարդասիրական առումով, նաև Կարմիր խաչի միջոցով օժանդակություն ենք ցուցաբերում, որոնք աջակցում են ռազմագերիներին և նրանց ընտանիքներին, շարունակում են անհետ կորածների որոնողական աշխատանքները:
Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական համագործակցության հարցերից, նախանշել ենք որոշակի ուղղություններ այս բնագավառում` օգնելու Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքները և շարունակել մեր հանձնառությունը փոփոխությունների բնագավառում։ Այս նպատակով է, որ շատ մեծ հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին: Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք:
Եվ դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում»։
Նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Էմանյուել Մակրոնին, Ֆրանսիային իր ջանքերի համար և նաև կրկնեց առաջարկը` իր ֆրանսիացի պաշտոնակցին հրավիրելով Հայաստան: Այդ այցը, ինչպես նշեց, վաղուց պետք է կայանար, բայց կորոնավիրուսի պատճառով չէր կայացել:
«Ֆրանսիան ու Հայաստանն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, և շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, ՀՀ-ն մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում, և սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում է, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով», - ասաց վարչապետի պաշտոնակատարը` շարունակելով. «Կարևորում ենք Ֆրանսիայի դերը` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, և չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում:
Կրկին, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանյուել, շատ ուրախ եմ նաև անձնական առումով այսպիսի շփման հնարավորություն ունենալու համար, և համոզված եմ, որ այսօրվա մեր քննարկումները կծառայեն ի շահ մեր երկրների բարեկամության և մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության: Եվ այդ գործում ձեր դերն իսկապես չափազանց կարևոր է»:
Մինչ Մակրոնի հետ հանդիպելը` առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում էր հյուրընկալվել, որտեղ հանդիպել էր ԱԺ նախագահի հետ: