Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ, «Արմենպրես»-ին հայտնել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր», - ասել է Գևորգյանը։
Երեկ տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով: Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։ Անհայտ կորածների հարազատները տեղում բողոքել են, և զինվորների մարմինները տեղափոխվել են դիահերձարանի սառնարանային հատված։
Սակայն, այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված:
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը։