Վարչապետը նշել է, որ խոսքը գնում և գնացել է բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին․ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը (ձ), Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը

«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի հարցում արդեն «կան լավ արդյունքներ։

Գրիգորյանը տարաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման վրա աշխատող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի անդամ է։

Հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Խորհուրդ տվեց մեջբերել ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ղեկավարի հայտարարությունը։ Իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը այլ տերմին է օգտագործում՝ «տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակում»․ - «Վարչապետը նշել է, որ խոսք է գնում և խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և ոչ թե միջանցքի»։

Ալիևի այդ հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանի զինված ուժերը արդեն 20 օր է շարունակում են մի քանի ուղղություններով մնալ Հայսաստանի սահմաններից ներս։ Ավելին, նրանց գործողությունների հետևանքով հայկական կողմը ունի 1 զոհ և 6 գերի։

Վարչապետի պաշտոնակատարը իրավիճակը հանգուցալուծելու համար մայիսի 27 -ին առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել և միաժամանակ հետ քաշել զորքերը ելման դիրքեր։ Առաջարկից 5 օր անց գործնական ի՞նչ քայլեր կան հետաքրվեցինք իշխող խմբկացության ղեկավար Լիլիթ Մակուցից։

«Հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից եղել է։ Ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ։ Մնացյալ գործընթացների հետ կապված վարչապետը վերջին երկու օրերի ընթացքում արդեն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է սկսել խոսել մնացյալ քայլերի հետ կապված, որ նա արել է իր առաջարկում, այն բանից հետո, երբ Ադրբեջանը արձագանքի, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընկերներին այդ առաջարկն ընդունելու վերաբերյալ և հայելանման կերպով հետ քաշի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ես կարծում եմ, այդ արձագանքից հետո մենք հաջորդ քայլը պետք է սպասենք գործնական քայլերի հենց ադրբեջանական զինված ուժերի կողմից», - ասաց Մակունցը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումն անընդունելի է։ Մակունցը ենթադրվում է, որ նման արձագանքը նաև գործելու պատրաստակամություն է։

Դեռ ինչքան է պատրաստ սպասել հայկական կողմը հարցին իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը արձագանքում է, թե պետք հասկանալ, որ սա մեխանիկական գործընթաց չէ․ - «Մեր կարծիքով, արդեն Ադրբեջանի դաշտում ա, որոշողը իրենք են։ Եթե լինի համաձայնություն, գոնե դա, կարծում եմ, արդեն իսկ նախնական քայլ կլինի։ Իսկ հետագայում թե արդեն էդ դիտորդները որ երկրից կլինեն, ինչ ժամանակահատվածում կլինեն, դա ավելի երկարատև կլինի»։

«Մենք նախ պետք է հասկանանք՝ արդյո՞ք իրատեսական է հայելանման հետքաշումը զինված ուժերի, թե՞ ոչ, և հետո անցնենք հաջորդ քայլերի», - հարկ հավելեց հավելեց Մակունցը։

«Ազատության» հարցին, թե ինչքա՞ն է պատրաստ սպասել հայկական կողմը այն դեպքում, երբ որոշման առումով գնդակը Ադրբեջանի դաշտում է, իսկ նրանց զորքը մեր դաշտում է, Մակունքը պատասխանեց․ - «Դուք ճիշտ եք։ Հայկական կողմը այս պահին գործադրում է առավելագույն ջանքեր իրավիճակը կառավարելի պահելու և վերահսկողության տակ պահելու համար։ Մենք չենք կարող խոսել այն հաջորդական քայլերի մասին, որոնցից առաջ պետք է հստակեցում մտցվի այլ հարցերում»։

Եթե դիտորդների տեղակայման առաջարկն ընդունվի, սահմանին լարվածությունը բավականին կթուլանա, կարծում է ընդդիադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե արդյոք ռիսկեր չի տեսնում Փաշինյանի առաջարկում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Երբ որ կլինի էդ առաջարկը թղթային տարբերակով՝ բոլոր իր նյուանսներով, կարող եմ ասել։ Բայց բանավոր հրապարակային առաջարկի մեջ, էնպես, ինչպես որ ես եմ ընկալում, թե ինչ են ուզում, վտանգ չեմ տեսնում»։