Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կարող է առաջիկայում զրկվել պաշտոնից

ենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելում ծայրահեղ աջակողմյան-ազգայնական քաղաքական լիդեր Նաֆտալի Բեննետն աջակցություն է հայտնել «միասնության կառավարություն» կազմելու նախաձեռնությանը, որի իրականացման դեպքում վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է զրկվել պաշտոնից:

«Յամինա» կուսակցության ղեկավար Բեննետը երեկ ասել է, որ պատրաստ է միանալ կենտրոնամետների դաշինքին: Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում ուժերի այդօրինակ դասավորման դեպքում Նեթանյահուի 12-ամյա վարչապետությունը կավարտվի:

«Ես հայտնում եմ, որ պատրաստ եմ ամբողջ կարողություններով աշխատել իմ բարեկամ Յաիր Լապիդի հետ («Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար) և ծառայել միասնության կառավարության գաղափարին, Աստծո կամոք մենք միասին կարող ենք դուրս հանել մեր երկիրն այս գահավիժումից և վերադառնալ զարգացման ճանապարհին», - ասել է Բեննետը:

Իսրայելում անցած երկու տարում տեղի են ունեցել չորս արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել կայուն կառավարություն կազմել: