Բելառուսը առաջիկա օրերին Ռուսաստանից 500 միլիոն դոլարի վարկ կստանա, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` Պուտինի և Լուկաշենկոյի բանակցություններից հետո: Ընդ որում, Պեսկովն ընդգծել է, թե այս օգնությունը որևէ կապ չունի Արևմուտքի կողմից Բելառուսի նկատմամբ սահմանվող նոր պատժամիջոցների հետ:
«Սա դեռևս 2020-ի սեպտեմբերին համաձայնեցված 1,5 միլիարդ դոլարի մի մասն է, որը պետք է տրամադրվի մինչև հունիսի վերջ», - ասել է Պուտինի խոսնակը:
Արևմտյան երկրները այժմ նոր, ըստ հայտարարությունների, ցավոտ պատժամիջոցներ են մշակում Բելառուսի իշխանությունների ու պետական խոշորագույն ընկերությունների դեմ` Ryanair-ի օդանավը առևանգելու, դրա ուղևորներից երկուսին`անկախ լրագրող Ռոման Պրոտասևիչին ու ընկերուհուն ձերբակալելու համար:
Այդ ֆոնին Բելառուսի առաջնորդը անցած ուրբաթ մեկնել է Սոչի` Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման: Այցի առաջին օրը բանակցությունները տևել էին ավելի քան հինգ ժամ, սակայն, արդյունքների մասին որևէ հայտարարություն չէր արվել: Հաջորդ օրը Պուտինն ու Լուկաշենկոն շարունակել են բանակցությունները` ոչ պաշտոնական ձևաչափով: