Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող․ Նիկոլ Փաշինյան

«Այսօրվա Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն ու մյուս հերոսները մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչներն են, ովքեր առանց վարանելու ամուր կանգնած են իրենց հողի և ջրի վրա: Դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության», - հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս տողերով շնորհավորեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 103-ամյակը։

Փաշինյանը համոզմունք է հայտնում, որ Երևանից մինչև սահմանապահ գյուղեր հայ ժողովուրդը պետք է լինի մեկ ընտանիք՝ ի շահ հայրենիքի անվտանգության։ «Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող», - ասված է Փաշինյանի ուղերձում։

Վարչապետի պաշտոնակատարը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներին։

Ի դեպ, լրագրողներին առանց որևէ բացատրության չի թույլատրվել մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին ու լուսաբանել միջոցառումը կամ հարցեր տալ պաշտոնյաներին։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում հիշեցնում է․ - «Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է ֆիզիկական գոյության և ինքնության վտանգվածության պայմաններում»։ Այսօր, ըստ Նախագահի՝ սթափ դատողության ու առողջ մտածողության կարիք կա։ Սարգսյանը նաև շեշտում է․ - «Անկախ պետականությունը Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը»։

Ազգագրագետ, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Մխիթար Գաբրիելյանը, խոսելով պատմության բաց թողած դասերի մասին, ասում է, որ պետք էր որպես բազային արժեք մարդկանց մեջ ներդնել այն գաղափարը, որ պետություն ունենալն ամենօրա ջանք ու նվիրում է, իրավունքներից զատ, նաև պարտականություն․ - «Ընդ որում, պարտականություն է բոլոր ոլորտներում։ Պետությունը կայանում է քաղաքացիների շնորհիվ։ Քաղաքացին երբեք, նաև մեր օրերում չդարձավ քաղաքական տերմինաբանության նոմինանտ հասկացություն։ Մեզ շարունակեցին դիմել որպես ժողովուրդ։ Ժողովուրդը, ի տարբերություն ազգի և ի տարբերություն քաղաքացու և ի տարբերություն քաղաքացիական ազգի, պետություն կայացնելու, առավել ևս պետություն պահպանելու սահմանափակ հնարավորություններ ունի»։

Այն ինչ տեղի ունեցավ 103 տարի առաջ, ազգագրագետի համոզմամբ, մարդկային ջանքի, մտքի, նվիրումի շնորհիվ էր․ - «Դա, մեծ հաշվով, ժողովրդի համախմբում չէր, դա դասական քաղաքացիական համախմբում էր, երբ դու գնում ես պայքարելու ու դու գնում ես պայքարելու, որպեսզի վաստակես ապրելու քո իրավունքը»։

Հայոց պատմության աղետալի շրջանում հիմնադրված Առաջին Հանրապետությունն այդուհանդերձ երկար կյանք չունեցավ, 1920 թվականի դեկտեմբերին Հայաստանը խորհրդայնացվեց։ Զուգահեռներ տանելով ներկայի հետ՝ Գաբրիելյանն ասում է, որ Հայաստանում ընթացող պրոցեսները շատ վտանգավոր դարձան, երբ սկսվեց քաղաքական էլիտայի դեգրադացիան․ - «Այն պահին, երբ պատերազմում հաղթած ջոկատի հրամանատարը որոշեց, որ ինքը քաղաքական կյանքում անելիք ունի, այն պահին, երբ հերոս զորահրամանատարը որոշեց, որ էստեղ՝ Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում կամ որևէ այլ վայրում ինքը պիտի ունենա ավելի շատ իրավունքներ, այդտեղ սկսվեց դեգրադացիան։ Այն պահին, երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որոշեց, որ ցանկացած մեկին ինքը կարող է ասել, թե ինչ ուզում բանակցում է, սկսվեց դեգրադացիան»։

Այդ դեգրադացիան, ըստ ազգագրագետի, միշտ սկսվում է այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջնորդվում են «պետությունը ես եմ» գաղափարով․ - «Ինչո՞ւ մենք 91 թվականից հետո չհաջողեցինք։ Որովհետև մեր մոտ շատ արագ սկսվեց մտքի դեգրադացիան։ Իսկ երբ որ մտքի դեգրադացիան է սկսվում, քաղաքականությունն էլ է դառնում կեղծ օրակարգի հիմքի վրա գոյատևող, բանակն էլ է դառնում կեղծ հիմքի վրա գոյատևող, կրթությունը, գիտությունը, ամեն ինչ դառնում է կեղծ օրակարգերի գերի»։