Բելգիայի խորհրդարանը միաձայն ընդունեց բոլոր հայ գերիների ազատ արձակումը պահանջող հրատապ բանաձև

Բելգիայի խորհրդարանը երեկ միաձայն ընդունել է բոլոր հայ գերիների ազատ արձակումը պահանջող հրատապ բանաձև, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Խիստ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանը չի կատարել հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած իր հանձնառությունը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, բանաձևով կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել դեռևս գերության մեջ գտնվող բոլոր հայերին՝ ներառյալ քաղաքացիական անձանց համաձայն հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի և Ժնևյան կոնվենցիաների դրույթների:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության՝ բանաձևով նաև խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ իրագործվող խոշտանգումների փաստագրված դեպքերը՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից քննության առնել դրանք և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հստակ շեշտելով միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք իրագործումը, ինչպես նաև խոշտանգումների և այլ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների բացառումը:

Բանաձևում նաև անդրադարձ կա ադրբեջանցի զինվորների ներխուժմանը Հայաստանի տարածք ․ - «Բանաձևը կոչ է անում Բելգիայի կառավարությանը՝ պահանջելու Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Տե՛ս նաև այստեղ