Փաշինյանի համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին. խոսնակը հակադարձում է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և այդ պատճառով է այսօր իրեն մեղադրում պարտության, «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասության համար։

«Իր ամբողջ ասածը հետևյալն է` Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ: Եթե իրենք գտնում են, որ պետք է ասեինք` Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ, մենք համաձայն չենք դրա հետ», - ասում է նա:

Այսօր Երևանի համայնքներից մեկում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը թռուցիկ անդրադարձավ ՀԱԿ առաջնորդի երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնել էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցրած իր տեսլականը։ Ըստ այդմ՝ խնդրին վերջնական կարգավորում 1998-ին` իր հրաժարականից առաջ էլ չկար, սակայն ըստ Տեր-Պետրոսյանի՝ վերականգնվում էին ԼՂԻՄ-ի սահմանները, հայկական կողմը ստանում էր Լաչինի 22 կմ միջանցքը, և սկսվում էին Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ քննարկումները, որոնց որպես լիարժեք կողմ մասնակցում էր նաև Ղարաբաղը։

«Հիմա եթե այսօր մեր ժողովրդին ասվի, որ համաձա՞յն եք այսպիսի իրավիճակի, այսպիսի կարգավորման, ուրախությունից կմեռնեն: Այնտեղ ոչ մի խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում», - հարցազրույցում ասել է Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, այսօր ավելի ուշ առաջին նախագահի անունից նրա խոսնակ Արման Մուսինյանը գրառմամբ հանդես եկավ՝ հայտարարելով, թե Փաշինյանն անգամ չի հասկանում՝ ինչում է մեղադրում Լևոն Տեր-Պետրոսյանին` ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին: «Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին»,- ասված է Մուսինյանի գրառման մեջ։

Հանրայինի եթերում 76-ամյա նախկին նախագահը հայտարարեց, որ պատերազմում պարտությունն ու Հայաստանի առջև ծառացած նոր վտանգներն այն պատճառով են, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան հասկանալ ժամանակի կարևորությունը. ժամանակն աշխատեց Ադրբեջանի օգտին. «Երբ որ դու հաղթական էիր, դու կարող էիր ստանալ շատ ավելին, անգամ զիջումներով»:

Փաշինյանն այսօր Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց նաև նրանում, որ ընտրությունների միջոցով իշխանության վերադառնալ ցանկացող առաջին նախագահը հիմա չի ձևակերպում՝ ո՞րն է այսօր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր տարբերակը։

Լևոն Տեր-Պետրոսյանն, իրոք, խոստովանեց՝ չգիտի՝ ինչ կլինի 4.5 տարի անց, երբ ռուս խաղաղապահները, օրինակ, դուրս գան Լեռնային Ղարաբաղից։ Չբացառեց նոր պատերազմը, շտապեց ավելացնել՝ բայցևայնպես մարգարե չէ, քաղաքագետ չէ, ավելորդ համարեց վերլուծությունները, քանի որ դա կարող է անել միայն նա, ով տեղյակ է Ռուսաստանի ծրագրերից. «Այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում: Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչը մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես Հայաստանի, Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում` ռուսներն ինչ են իրեն ասում»:

Հայաստանում հրդեհ է, կարճ այսպես գնահատեց Հայաստանի ներկայիս վիճակը առաջին նախագահը ՝ անլուրջ համարելով բոլոր, իր ձևակերպմամբ, «լավաշները», որոնք այսօր քաղաքական ուժերը ներկայացնելու են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այս կամ այն բնագավառներում խնդիրներ լուծելու ուղղությամբ. «Հրդեհի ժամանակ ի՞նչ են անում. հանգցնում են հրդեհը, ու նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի, որ գործի գցի պետական մեքենան, այսօր պետական մեքենան ջախջախված է»:

Առաջիկա ընտրությունները կարող են դառնալ կենաց-մահու պայքար։ Երկրում ստեղծված ատելության մթնոլորտը, ըստ Տեր-Պետրոսյանի, վտանգավոր է։

Քաղաքական բանավեճը մի բան է, մարդկային հարաբերությունները` այլ, առաջին նախագահը սեփական օրինակով մի դրվագ պատմեց. «Այսօր եթե Սերժը կամ Ռոբերտը զանգահարի, հիմա էլ ենք մենք... ես հիվանդացա, Ռոբերտը զանգահարեց, առողջությանս մասին հետաքրքրվեց, ինքն էր հիվանդացել, ես էի զանգահարել»:

Հեռախոսային այս պատմությունը Նիկոլ Փաշինայն այսօր իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ այլ դիտանկյունից գնահատեց. «Կարո՞ղ է այդ կապը միշտ է եղել, մենք չենք իմացել, բա մարդիկ ասում էին` թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի, հետո ասում էր` Ռոբե՛րտ ջան, դե ես տենց ասում եմ, բայց տես, ուրիշ ում ես կարում ճարես»:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների՝ Մարտի 1-ի թեման, ի դեպ, չշոշափվեց երեկվա հարցազրույցի ընթացքում։ Հիմնական շեշտը արտաքին քաղաքականությունն էր և դժվարին իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։ Միակ դեղամիջոցը, ըստ առաջին նախագահի, պատրանքները թոթափելն է. «Այդ պատրանքները, ներողություն չասեմ, չեմ ուզում, դա տհաս հասարակություններին է հատուկ, ոչ մի հասուն հասարակության մեջ այսպիսի բան չկա, չի կարող լինել, չեմ ասում` երբեմն-երբեմն մի խենթ է դառնում լիդեր»: