Եթե դիտորդներ նշանակվեն, լարվածությունը սահմաններին կթուլանա, ասում է Մարուքյանը

«Կարելի է քննարկել բոլոր տարբերակները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի որ համանախագահող երկիրը կտեղակայի դիտորդներ Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում, բայց որ հայելային տարբերակով պետք է զորքերը հետ քաշել, դրա մեջ լավից բացի, ոչ մի վատ բան գոյություն չունի։ Եվ դա հնարավորություն կտա գոնե հեռավորություն պահպանելով մոտենանք այն հիմնական խնդրի լուծմանը, որը պետք է սահմանազատման հարցերի հստակեցում մտցնի հետագա զարգացումների մեջ», - այսօր Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այսօր երեկոյան հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ էր հնչեցրել ուղղված Մինսկի խմբի համանախագահող երկրներին և Ադրբեջանին՝ սահմանային լարվածությունը երկու կողմից զորքերի հեռացմամբ մեղմելու վերաբերյալ։

«Առաջարկը Հայաստանի սահմանից հակառակորդի զորքերի հեռացման մասին է, որոնք գտնվում են Հայաստանի պետական սահմանի ներսում։ Սահմանից չեն հեռանում Հայաստանի զորքերը, նրանք գտնվում են Հայաստանի սահմանների ներսում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

ԱԽ նիստին մասնակցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնչեցված առաջարկը Հայաստանի կառավարությունը նախօրոք համաձայնեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, և կա՞ նախնական համաձայնություն առաջարկված սցենարով առաջ շարժվելու: Մարուքյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ այժմ պետք է ակտիվ աշխատել միջազգային հանրության հետ առաջարկն ընդունելու ուղղությամբ, քանի որ «եթե դիտորդներ նշանակվեն, լարվածությունը սահմաններին կթուլանա, գոնե գերի ընկնելու և իրար վրա կրակելու հարց չի առաջանա»։

«Եթե այս առաջարկն էլ չաշխատի, վտանգը շատ մեծ է, որ սահմանին էսկալացիա կարող է առաջանալ», - ասաց Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի կարծիքով՝ եթե ամեն ինչ չարվի, որ միջազգային հանրության առաջարկը դրական արձագանք ստանա, ապա Ադբեջանը շարունակելու է այս վիճակը, ինչը ըստ Մարուքյանի` «նրանց ձեռք է տալիս»։

Էական տարբերություն կա՞, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի որ համանախագահող երկիրը կառաջարկի Հայաստանի առաջարկին, Մարուքյանը պատասխանեց. «Մեր կոնֆլիկտը և դրա հետևանքների հետ կապված աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բայց առաջին հերթին Ռուսաստանը։ Հիմա տեսնենք՝ ինչպես կարձագանքեն, սպասենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։