Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հաղորդում է` ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ըստ էության դա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից։
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։