«Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջում է անհապաղ հրավիրել Հայաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,
Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝
անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ», - գրում է Մարուքյանը Ֆեյսբուքում։
Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: