«Ասել է՝ եթե չտանեք, ուրեմն կամավոր գրեք», - պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Վրույրի կինը

Արդեն 8 ամիս է Ղուկասյանները սեղան են նստում, վեր կենում, օրվա հարցերը քննարկում առանց ընտանիքի հոր՝ Վրույր Ղուկասյանի։ Վրույրը ռազմաճակատ էր մեկնել հոկտեմբերի 11-ին ու 4 օր անց մահացել դիպուկահարի կրակոցից։ Ամուսնու կորստից հետո, Արմինեի համար երեխաներն են թև ու թիկունք դարձել։

«Գնալուց առաջ մենք շատ խոսեցինք իրար հետ, որ լավ մարդ ձևավորվենք, լավ մարդ մեծանանք, մամային լսենք, դասերին, պարապմունքներին ուշադրություն դարձնենք: Ասաց՝ կապ չունի, որ ես այստեղ չեմ, դուք ուշադիր կլինեք», - պատմեց Վրույրի ավագ որդին:

Մի քանի օրում մեծացան մի քանի տարով, ասում է մայրը։ Երեխաները փորձում են փոխել մոր տրամադրությունը, լրացնել այն դատարկությունը, որ հոր մահվանից հետո է մնացել՝ իրենց մեջ խեղդելով ցավը։ Վրույրը ռազմաճակատ մեկնելիս ընտանիքին ասել է, թե իրեն վարժանքների են տանում, թեպետ որպես բազմազավակ ընտանիքի հայր կարող էր ազատվել ծառայությունից։

«Երբ որ ես հասկացա, որ այդ վարժանք ասվածը վարժանք չի, ես հենց առավոտյան գնացի վայենկոմատ, դիմումը գրեցի վայենկոմատում: Ասաց՝ ինչի ես տնեց բան արել, ասաց՝ մնալու եմ, ու տենց հետո արդեն իմացել եմ, որ իրան շարքից հանել են, ասել են՝ ունես 4 երեխա, կարաս հանգիստ հետ գնաս, ասել ա՝ եթե չտանեք, ուրեմն կամավոր գրեք», - պատմեց Վրույրի կինը:

Ամուսնու մահից հետո, ով ավտոփականակագործ էր աշխատում ու ընտանիքին կերակրող միակ ձեռքն էր, երեխաների ուսման ծախսերն ու ֆինանսական դժվարությունները Արմինեն ինքնուրույն է հոգացել։ Հիմա արդեն ֆինանսական դժվարությունները փոքր-ինչ կթեթևանան, ընտանիքը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից ստացել է 10 միլիոն դրամ միանվագ աջակցություն և այսուհետ կստանա նաև ամսական աջակցություն՝ 300 հազար դրամի չափով։

«Նպատակս, որ տղաներիս համար տուն վերցնեմ, այն, ինչ որ եղել ա իմ ու ամուսնուս մեծագույն նպատակը, որովհետև երեք տղա երեխա ունեմ», - նշեց Արմինեն:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որին այս տարվա սկզբից 1000 դրամի փոխարեն Հայաստանի քաղաքացիները իրենց աշխատավարձից փոխանցում են 1000-ից մինչև 15 000 դրամ՝ ըստ աշխատավարձի չափի, ֆինանսական հատուցում է տրամադրում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին։

«Հատուցում է տրամադրվել շուրջ 3800 շահառուի, որոնցից շուրջ 400-ը նախքան սեպտեմբերյան՝ 2020 թվականին սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին, իսկ մնացած շուրջ 3300-ը այս պատերազմի արդյունքում կամ դրա հետևանքով զոհված և հաշմանդամ ճանաչված զինծառայողների ընտանիքներին», - ներկայացրեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատկացումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը:

«Կամուրջ» ծրագրով հատուցում է տրամադրվել նաև 1066 անհայտ կորած համարվող կամ համարված և հաշմանդամություն ձեռք բերած 379 զինծառայողների։ Այս պահին հիմնադրամում 30 դիմում կա, որ ընթացքի մեջ է, մյուս բոլոր դիմողները ստացել են հատուցում։

«Այդ նշածս 30 գործը այն գործերն են, որոնք ունեն փաստաթղթային խնդիրներ, ինչ-որ մի տեղ կա անվան, ազգանվան անհամապատասխանություն, ինչ-որ մի տեղ շահառուի կամ շահառուի ընտանիքի անդամներից որևէ մեկի, չգիտեմ, հայրանունը սխալ է նշվել, ծննդյան տարեթիվը սխալ է նշվել և այլն», - ասաց Սաիյանը:

Թվերը հիմնադրամում պարբերաբար փոփոխության են ենթարկվում, տրվում են նոր հատուցումներ, փոփոխվում են զինծառայողների կարգավիճակը, օրինակ, գտնվում է անհայտ համարվող զինծառայողի դին կամ վերադառնում են գերությունից։

Պատերազմից 8 ամիս է անցել, բայց առայժմ անհետ կորածների ու գերիների վերջնական թվեր, անուն-ազգանուններ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է գտնվում շուրջ 200 հոգի, Պաշտպանության բանակը հրապարակել է 3029 զոհված զինծառայողի անուն:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում հավաքագրում են անհետ կորածների տվյալներ։ Գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի խոսքով, իրենց ունեցած թվերը մոտենում են պաշտոնական տվյալներին։

«Մեր կազմակերպությունը մշտապես թարմացնում է անհետ կորածների ցանկը: Մեր տվյալներով, այս պահի դրությամբ, 272 դեռևս անհայտ կորած քաղաքացու անուն ունենք: Այս թիվը մոտ է պաշտոնապես հայտարարված, վարչապետի կողմից հայտարարված, կարծես, 295 ասաց, թվերը մոտենում են էլի պաշտոնականին», - նշեց Սադիկյանը:

Պատերազմից ի վեր դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 3752 մարմիններից ու մասունքներից վերցված փորձանմուշներ, որոնց համար լրացվել է 3408 մահվան մասին բժշկական վկայական։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 73 փորձանմուշ այս պահին գտնվում է հետազոտման փուլում, դրանք արդեն 2-րդ կամ 3-րդ անգամ հետազոտվող նմուշներ են։