Մեկնարկել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Զարիֆը երեկ Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար: