Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին չհրավիրվելու վերաբերյալ թեժ քննարկումները չեն մարում։
Ֆուտբոլային հանրությունը մի քանի բևեռի բաժանված բանավիճում է. ոմանք ընդգծում են՝ Մխիթարյանին պետք էր հրավիրել, որոշներն ասում են՝ մարզիչի որոշելիքն է, մյուսներն էլ պնդում՝ Մխիթարյանին չհրավիրելու որոշումը ֆուտբոլի ֆեդերացիան է կայացրել։
Այսօր ՀՖՖ-ն հայտարարեց, թե չի միջամտում հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից։ Ըստ ՀՖՖ-ի՝ «հայտացուցակի հրապարակումից հետո «հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ»:
Հայտացուցակի հրապարակումից հետո չուշացավ 32-ամյա Մխիթարյանի արձագանքը, նա իր դժգոհությունը հայտնեց, Ֆեյսբուքում գրելով, թե չհրավիրելու՝ պաշտոնական պատճառաբանությունները չեն բավարարում իրեն։
Հավաքականը ավելի քան մեկ տարի մարզող իսպանացի Խոակին Կապառոսի պարզաբանմամբ՝ այս անգամ որոշել են հանգստի հնարավորություն տալ հիմնական կազմի ֆուտբոլիստներին և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների:
Կապառոսի գլխավորությամբ ընտրանու վերջին 8 խաղերը ցույց տվեցին, որ պետք է վստահել մարզիչին, կարծում է երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Մհեր Խուդավերդյանը: Ըստ նրա՝ Մխիթարյանին չհրավիրելը պարզապես մարզչական որոշում է, իսկ Հենրիխը «տաք գլխով» է արձագանքել. «էմոցիոնալ էր ավելի շատ, ոչ թե կոշտ: Իրա համար անսպասել էր, դա ա ֆիքսել»:
Խուդավերդյանի գնահատմամբ՝ հարցը մարզչի ու Մխիթարյանի տիրույթում է, որը շատ ուռճացնել, մեծ խնդիր դարձնել պետք չէր. «Դավադրություններ են փնտրում մարդիկ, ինչ-որ բաներ հորինում, որ նայում ենք, արդեն ոչ թե վատն ա, այլ տեղ-տեղ արդեն ծիծաղելի են էն դավադրապաշտական տեսությունները, թե ինչի Հենրիխը չի հրավիրվել հավաքական, կարծում եմ՝ նման ոչ մի բան չկա»:
2019-ի դեկտեմբերին, երբ ՀՖՖ նախագահի ընտրություններում հաղթեց Արմեն Մելիքբեկյանը, Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը ընտրությունները խայտառակություն որակեց ու հայտարարեց՝ իրեն վիրավորել են։ Թաշչյանը գործկոմի անդամի թեկնածուներից մեկն էր ու չընտրվեց։
Խորվաթիայի և Շվեդիայի հետ առաջիկա ընկերական խաղերին Մխիթարյանին չհրավիրելը և՛ սպասելի էր, և՛ անսպասելի, բայց նրանից ընդհանրապես հրաժարվելը սխալ է, ասում է մարզական լրագրող Ռոբերտ Գասպարյանը:
«Սպասելի էր, որովհետև մրցաշրջանն, իրոք, ծանր է, և Մխիթարյանին հավաքական չհրավիրելը շատ նորմալ կդիտվեր, որովհետև Հենրիխը վնասվածքից նոր է ապաքինվել, աստիճանաբար թափ է հավաքում, արդեն հանգստանալու ժամանակն է: Բայց Հայաստանը ո՛չ Իտալիա է, ո՛չ Բրազիլիա է, որ մենք ունենք 10 Հենրիխ Մխիթարյան ու հրաժարվենք նրանցից 1-2-ից, մնացածին հրավիրենք, Հենրիխը Հայաստանում մի հատ է, և նա դաշտում տարբերություն է ստեղծում», - ասաց Գասպարյանը:
Մարզական մեկնաբանի կարծիքով՝ մինչ պաշտոնական հանդիպումները իրավիճակը կհանգուցալուծվի. «Կարծում եմ՝ նրանք առանձնազրույց կունենան ու կհասկանան միմյանց»:
Երեկ Մխիթարյանի հետ զրուցել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը. «Ուղղակի ուզեցի որպես իմ ընկեր և խաղընկեր՝ ճշտեմ, թե ի՞նչ տրամադրվածություն ունի, ու կա՞ նեղացվածություն: Իրա հետ զրույցում բացարձակ նման տպավորություն չստացա: Ինքը շատ պրոֆեսիոնալ ձևի է այդ ամեն ինչին նայում ու իր ռեժիմով առաջ է նայում: Իմ կարծիքով՝ եթե իրեն հրավիրեն, կմասնակցի հավաքականի խաղերին»:
Պաչաջյանի խոսքով՝ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որն անկախ ամեն ինչից պետք է լինի հավաքականում, ու նրան չհրավիրելը ճիշտ չէ: