Զարիֆը՝ Ալիևին. «Այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին ձեր հայտարարության համար: Դա շատ կարևոր է: Մենք պատրաստ եք ցանկացած դեր խաղալ ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման հարցում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար:

Բաքվից Զարիֆն ուղևորվելու է Երևան: Սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է Ադրբեջան և Հայաստան՝ ղարաբաղյան պատերազմից հետո:

Հունվարին տարածաշրջան այցի ժամանակ Զարիֆը հայտարարել էր, թե հետպատերազմյան շրջանում Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է:

Այսօր Մոհամադ Զարիֆին ընդունելիս Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հիմա ադրբեջանա-իրանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Բացի այս, պաշտոնական Բաքուն հուսով է, որ Թեհրանի հետ համատեղ ջանքեր կգործադրեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության զարգացման համար:

«Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, նոր մարտահրավերներ՝ կապված տարածաշրջանում նոր հետկոնֆլիկտային իրավիճակի հետ: Իհարկե, Իրանն ու Ադրբեջանը որպես երկու եղբայրական երկրներ պետք է համակարգեն ջանքերը և նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը: Ես վստահ եմ, որ Իրանի կառավարությունը կիսում է նույն մոտեցումը», - ասել է Իլհամ Ալիևը:

Իրանի արտգործնախարարի տարածաշրջան այցի նախօրեին պաշտոնական Անկարան շտապեց հայտարարել, թե առաջիկա շաբաթներին Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան: