Գերատեսչությունը մանրամասնում է, որ ընդունելով Էսլամիին՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հաղորդել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկի վերաբերյալ՝ առանձնահատուկ կարևորելով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը և վերջինիս ընձեռած հնարավորությունները Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև առևտրատնտեսական շրջանառությունը մեծացնելու հարցում։
Իր հերթին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցմանը ներգրավվելու իրանական կողմի հետաքրքրվածության մասին։
Հաղորդվում է նաև, որ ներկայում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որի արդյունքում իրանցիների համար մի քանի անգամ կնվազեն տարանցիկ բեռնափոխադրումների նպատակով Հայաստանում գանձվող վճարները։
Ըստ տեղեկությունների, Մոհամմադ Էսլամիին պետք է ընդունի նաև փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Հայաստան-Ադրբեջան ուղիները ապաշրջափակելու եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովի անդամ է։
Էսլամիի այցը նախորդում է Երևան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցին, որը վաղը լինելու է Բաքվում, իսկ մայիսի 26-ին ժամանելու է Երևան։ Վերջին անգամ Զարիֆը Երևանում էր այս հունվարին։
Ի դեպ, արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, և, ըստ ԱԳՆ-ի, քննարկել են «Հայաստանի սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը»:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն էլ Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով երեկ երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու այդ թվում Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր, հաղորդում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։
Հատկանշական է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների անսովոր հաճախակի այցերը Երևան տեղի են ունենում Սյունիքի շուրջ ընթացող զարգացումների ֆոնին։ Ինչպես հայտնի է, մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի փաստացի անգործության պայմաններում, առնվազն երեք ուղղություններով ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և դիրքավորվել։ Ուղղություններից երկուսը Իրանին սահմանակից Սյունիքում են։
Զուգահեռաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակ խոսում է «Զագեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին։ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բազմից հայտարարել է, որ պաշտոնական Երևանը չի քննարկել և չի պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը մայիսի 18-ին ռուսաստանյան Спутник լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստան-Ադրբեջան ճգնաժամի հետ կապված Թեհրանի դիրքորոշումը աներկբա է և որոշիչ՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, իրանագետ Աննա Գևորգյանի խոսքով, Իրանի նման ակտիվությունը վստահաբար կապված է Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ․ - «Այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկրների տարածքային ամբողջականությանը և հատկապես տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, դրանք չափազանց զգայուն և կարևոր խնդիրներ են համարվում Իրանի անվտանգային համակարգի համար։ Ինչ վերաբերում է Սյունիքի հարցին, այդտեղ հավելյալ շերտեր են գալիս՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը նաև Իրանի համար, որպես մի միջանցք, հավելյալ ուղի, որ Իրանը կապում է Սև ծովի և եվրոպական երկրների հետ։ Իսկ Իրանի համար դա չափազանց կարևոր է ունենալ Թուրքիայով և Ադրբեջանով անցնող ճանապարհներին այլընտրանք հանդիսացող մեկ այլ ուղի։ Այս բոլորը հաշվի առնելով՝ դառնում է խիստ տրամաբանական այն ակտիվությունը, որ ցուցաբերում է վերջին շրջանում Իրանը»։
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամյսկաում հայ-իրանական երկկողմ առևտուրը կազմել է ավելի քան 102 միլիոն դոլար կամ 36,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ցուցանիշով Իրանը դարձել է Հայաստանի երրորդ ամենախոշոր առևտրային գործընկեր-պետությունը։