Զոհրաբյանը հայտարարում է՝ այս ընտրական գործընթացին չի մասնակցի, հետագայում խորհրդարան վերադառնալու է

«Եթե ընտրություններ տեղի ունենա և խորհրդարանը ձևավորվի, ես լինելու եմ քաղաքական պայքարի առաջնագծում: Ես քաղաքական պայքարի առաջնագիծը չեմ զիջելու քանի դեռ անելիք և ասելիք ունեմ քաղաքականության մեջ», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե այս ընթացքում ինչո՞վ է զբաղվելու, Զոհրաբյանը պատասխանեց. «Բնականաբար բիզնես չունեմ, ես կարծում եմ, մեկ ամիս ապրել կկարողանամ, այնպես չէ, որ որևէ հնարավորություն չունեմ ապրելու, ես ունեմ հնարավորություն ապրելու մեկ ամիս էլ, երկու ամիս էլ, երեք ամիս էլ: Ես վստահ եմ՝ եթե ընտրությունները տեղի ունենա, եթե խորհրդարանը ձևավորվի, բնականաբար, ես լինելու եմ քաղաքական պայքարի առաջնագծում, ես քաղաքական պայքարի առաջնագիծը չեմ զիջելու քանի դեռ ես անելիք և ասելիք ունեմ քաղաքականության մեջ, ես բազմաթիվ ծրագրեր ունեմ, առաջարկներ ունեմ:

Իսկ այս ընտրական փուլում ես ի՞նչ եմ անելու, ես ակտիվ, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր աշխատում եմ եվրոպական կառույցների հետ, և միջազգային մեր գործընկերը ինձ խնդրել են գրեթե ամենօրյա կապով խորհրդատվություն փոխանցել նախընտրական գործընթացների վերաբերյալ, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ընդհանրապես այս կամ այն կուսակցության հանդեպ օրինախախտումների, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ»:

Օգտատերերի հարցերին, թե արդյոք ունի՞ այլ կուսակցություններից առաջարկներ, այս ընտրություններին որևէ ձևաչափով մասնակցելո՞ւ է, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ առաջարկներ եղել են, իսկ այս ընտրական գործընթացին չի մասնակցի. «Ինձ ևս որոշակի time out է պետք». «Շատ հետաքրքիր առաջարկներ կան, դրանց համար ժամանակ է պետք՝ քննարկելու, մտածելու, նաև իմ համախոհների, գործընկերների հետ, որոնք հետ ես պատրաստվում եմ նոր ռեբրենդինգով ներկայանալ, ինձ ժամանակ է պետք այդ ամենը քննարկելու համար»:

Հարցին՝ սեփական կուսակցության ձևաչափո՞վ, նա պատասխանեց. «Այո նաև այդ առաջարկը կա»:

«Ազատության» դիտարկմանը՝ ամեն դեպքում չի՞ բացառում, որ առաջիկայում կստեղծի սեփական կուսակցությունը, Զոհրաբյանն արձագանքեց՝ «որևէ բան ես քաղաքականության մեջ չեմ բացառում»՝ ընդգծելով՝ հետագայում խորհրդարան վերադառնալու է:

Պնդումներին, թե «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս գալու դրդապատճառների մասին չի խոսում, որովհետև վախենում է՝ տարիների ընթացքում իր արած-չարածը հրապարակի կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանն ասի այնպիսի բաներ, որ ինքը զղջա, ամաչի և այլն, Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց․ «Ես հասկանում եմ, որ հարցի մեջ կա պրովոկացիա։ Ես կրկնում եմ՝ ես շատ լեգիտիմ, բարոյական, օրինական պատճառ ունեմ չխոսելու «Բարգավաճ Հայաստան»-ի մասին, որովհետև «Բարգավաճ Հայաստան»-ն իմ կյանքի մի շատ կարևոր հատվածն է, և ես առաջին հերթին չեմ հարգի ինձ, եթե ես նման պրովոկատիվ ձևակերպումների խայծը կուլ տամ և սկսեմ ինչ-որ բաներ խոսել։ Ոչ, չեմ խոսել երեկ, չեմ խոսելու այսօր և չեմ խոսելու վաղը, և հույս ունեմ՝ իմ լրագրող գործընկերները, նաև քաղաքական դաշտի իմ ներկա և ապագա գործընկերները կհարգեն իմ իրավունքը՝ հարգելու այն կուսակցությունը, որի հիմնադիրներից մեկը եղել եմ ես, և որտեղ ես կայացել եմ նաև որպես քաղաքական գործիչ»:

«Բարգավաճ Հայաստանը» իմ կյանքի կարևորագույն հատվածն է եղել, ես կուսակցության հիմնադիրներից եմ եղել, եթե ես երբևե ինձ որևէ անվայելուչ արտահայտություն թույլ տամ, դա կնշանակի, որ ես չեմ հարգում առաջին հերթին ինձ: Այդ որոշումը եղել է շատ երկար, ամիսների մտածված, շատ ապրված, ինձ համար շատ դժվար կայացված որոշում: Ինչո՞ւ դուրս չեմ գալիս նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, լուծարված խորհրդարանի խմբակցությունից դուրս գալու իմաստ ես չեմ տեսնում»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.