ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնում է Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ, Վաշինգթոն, 18 մայիսի, 2021թ.

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենն այսօր ուղևորվում է Մերձավոր Արևելք:

Պետական քարտուղարը հանդիպելու է Իսրայելի ղեկավարների հետ, ապա կայցելի Հորդանան գետի Արևմտյան ափ, որտեղ կհանդիպի Պաղեստինի ղեկավարների հետ:

Դա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի ուղևորությունը Մերձավոր Արևելք իսրայելա-պաղեստինյան վերջին բախումներից հետո:

Մայիսի 10-ին սկսված և մայիսի 21-ին Եգիպտոսի միջնորդությամբ ավարտված ռազմական առճակատման ընթացքում սպանվել է ավելի քան 250 մարդ, զոհերի մեծ մասը Գազայի հատվածից են: Կա ավելի քան 1,5 հազար վիրավոր:

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազային, որտեղից պաղեստինցի զինյալները հարյուրավոր հրթիռներ են արձակել հրեական ավանների ուղղությամբ:

Իսրայելից զատ ԱՄՆ պետական քարտուղար Բլինքենը կայցելի նաև Հորդանան և Եգիպտոս:

Նա հայտնել է, թե Միացյալ Նահանգները կսատարի պաղեստինցիներին Գազայի ավերված շենքերը և ենթակառուցվածքները վերականգնելու հարցում:

Բայդենի վարչակազմը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան երկարատև հակամարտության արդյունավետ կարգավորման միակ ուղին երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ համակեցությունն է: