Պիտի ամեն ինչ անենք՝ խափանելու Փաշինյանի վերարտադրությունը և Քոչարյանի վերադարձը. Արման Մուսինյան

Պիտի ամեն ինչ անենք՝ խափանելու Փաշինյանի վերարտադրությունը և Քոչարյանի վերադարձը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք երկու շաբաթ հակառակորդի զորքերը սեփական տարածքում հանդուրժելն ունի՞ այլընտրանք, ասենք, չսպասել ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին և օրինակ՝ ուժի դիմել կամ այլ բան:

Մուսինյան. - Այս հարցն ունի մեկ ֆունդամենտալ լուծում. Հայաստանի իշխանության ղեկից Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հեռացումն է, բայց դա պետք է արվի հունիսի 20-ի ընտրություններով, որպեսզի Հայաստանը հնարավորինս քիչ տուժած դուրս գա այդ իրավիճակից:

«Ազատություն». - Պարոն Մուսինյան, մինչև ամսի 20-ը համարյա մեկ ամիս կա, դա նշանակում է, որ կարող է ադրբեջանական զորքերը մինչև այդ մնան Հայաստանի տարածքո՞ւմ:

Մուսինյան. - Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում Հայաստանում կարող է տեղի ունենալ ամեն ինչ, բայց հիմա ներքաղաքական ցնցումները շատացնելով մենք Ադրբեջանի ձեռքին ավելի շատ խաղաքարտեր կտանք, դրա համար ամենաօպտիմալ միջոցը Հայաստանին քիչ վնասներով...., որովհետև այս իշխանությունը մեր երկրին հասցրել է այնպիսի մի վիճակի, որ մենք մտածում ենք, ոչ թե շահած, այլ քիչ վնասով դուրս գալու մասին: Ամենաքիչ վնասով դուրս գալու ճանապարհը հունիսի 20-ին ազգովի մերժել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

«Ազատություն». - Հիմա կարող է հարց հնչել՝ որ Փաշինյանը գնաց ադրբեջանական զորքերը նահանջելո՞ւ են:

Մուսինյան. - Հայաստանը ունենալու է լուրջ շանս, եթե, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը գա իշխանության, լուրջ շանս, այդ գործընթացից դուրս գալ հնարավոր քիչ վնասներով և ապահովել Հայաստանի անվտանգությունն ու կայությունը: Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում, Հայաստանին սպասվում են սարսափելի զարգացումներ:

«Ազատություն». - Ի՞նչ կարգախոսով, եթե ոչ գոնե հիմնական ասելիքով է Հայ ազգային կոնգրեսը ընտրապայքար մտնում:

Մուսինյան. - Ֆունդամենտալ խնդիրը սա է՝ Հայաստանն այսօր գտնվում է ծանրագույն քաղաքական, պատմական, եթե կուզեք, գոյաբանական ճգնաժամի մեջ, այս իշխանությունների պարագայում Հայաստանի այս խնդիրը ոչ միայն չեն վերանալու, հաստատապես ավելի սաստկանալու են: Կա նաև երկրորդ խնդրահարույց պահը, որ կան ուժեր, որոնք այսօր հավակնում են իշխանության, բայց նրանց պարագայում նույնպես Հայաստանը հանգստություն չի գտնելու, մենք փորձելու ենք հասարակությանը բացատրել այս վտանգները և փորձել շահել նրա վստահությունը՝ ստանձնելու երկրի կառավարման ղեկը:

«Ազատություն». - Այսինքն մեծամասնության հայտ եք ներկայացնում:

Մուսինյան. - Ցանկացած կուսակցության, կարծում եմ, հատկապես մեր կուսակցության պարագայում դա շատ նորմալ և բնական պետք է ընկալվի, որովհետև պատմության 30 տարիները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը հաղթանակներ, նվաճումներ, արդյունքներ գրանցել է միայն այն ժամանակ, երբ իշխանության է եղել Տեր-Պետրոսյանը, իր թիմը և նրա գաղափարները:

«Ազատություն». - Կբացառեի՞ք հետընտրական կոալիցիաները, օրինակ, ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կամ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մուսինյան. - Հիմա մեր բոլորիս պարտքը պետք է լինի ապահովել Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից: Կոալիցիաների թեման ժամանակավրեպ է այն առումով, որ հասարակությունը հիմա շատ դինամիկ վիճակում է, նախընտրական քարոզարշավն էլ դեռ չի սկսվել, երբ որ արդյունքները կգրանցվեն, այն ժամանակ արդեն այդ հարցը կարող է առաջանալ:

«Ազատություն». - Պարոն Մուսինյան, դա կարող է ակտուալ լինել այն իմաստով, որ տարբեր հարցադրումներով որևէ ուժ մեծամասնություն չի ունենալու և հենց խորհրդարանում է վճռվել՝ Փաշինյանը մնում է, թե ոչ:

Մուսինյան. - Այդ բոլոր հարցադրումները հիմա ժամանակավրեպ են, արդի կդառնան, երբ որ ընտրության արդյունքները պարզ կդառնան:

«Ազատություն». - Մարդիկ ձայն տալուց առաջ ուզում են իմանալ՝ իրենց քվեն կարո՞ղ է ծառայեցվել Փաշինյանի իշխանության վերարտադրությանը կամ հակառակը:

Մուսինյան. - Մենք պիտի ամեն ինչ անենք՝ խափանելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը և բացառելու Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, մենք դա արդեն ասել ենք:

«Ազատություն». - Երկուսի հետ էլ հետընտրական կոալիցիան, ըստ էության, բացառված է:

Մուսինյան. - Ես ասացի արդեն:

«Ազատություն». - Պարոն Մուսինյան, առաջին նախագահի այսօրվա հոդվածին հաջորդեց, որ Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, որ միակ մեղավորը Փաշինյանը չէ, մեղքը նրա վրայից գցում է:

Մուսինյան. - Բացարձակապես, Տեր-Պետրոսյանը ցույց է տալիս այն ամբողջ գործընթացը, թե ովքեր են տարբեր ժամանակաշրջաններում իրենց բացասական իմաստով լուման ներդրել այսօրվա կատաստրոֆայի համար, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի վրայից մեղքը հանվում է: Ոչ միայն չի հանվում, Նիկոլ Փաշինյանը հայ ազգի նկատմամբ գործել է մեծագույն հանցանք, իսկ նոյեմբերի 10-ից հետո զբաղված է եղել բացառապես այդ հանցանքը կոծկելու գործով մեղքը բարդելով բոլոր հնարավոր սուբյեկտների վրա՝ լինի դա ժողովուրդը, լինի դա բանակը, լինեն քաղաքական ուժերը, նախկինները, ԶԼՄ-ները, միջազգային հանրությունը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.