Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը չի բացառում, որ սահմանային իրադրության լարման հետևանքով՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները միգուցե ընդհանրապես տեղի չունենան։ «Եթե ամեն օր ադրբեջանական զինուժը պետք է շատանա թվաքանակով Հայաստանի Հանրապետության տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, դա ի՞նչ ընտրություն է լինելու, ինչի՞ց ենք խոսելու էդ ընտրությունների ժամանակ», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Արտահերթին առանց դաշինքի մասնակցելու մասին հայտարարած «Լուսավոր Հայաստան»-ն այսօր համագումար անցկացրեց, կառավարման և քաղաքական խորհուրդներ ընտրեց, սակայն ընտրությունների նախընտրակ ցուցակ չհրապարակեց՝ այն դեռ կազմված չէ: Միայն հայտնի է, որ «Լուսավոր»-ի վարչապետի թեկնածուն Մարուքյանն է, որի խոսքով՝ ցուցակ չեն կազմել, որ նոր մարդկանց ու ուժերի ներգրավելու հնարավորություն լինի:
«Մոտավորապես մի 15-16 ուժ մասնակցում է էս ընտրություններին՝ հայտ է ներկայացրել, ասում է՝ «մասնակցում եմ»: Բոլորի հետ էլ ինչ-որ շփումներ կան, մարդիկ կան՝ ծանոթ, մտերիմ, ընկեր, ընկերոջ ընկեր, խոսում ենք: Բոլոր ուժերը ասում են, որ «դե մենք մոտավորապես արդեն ունենք մի 25 տոկոս ձայն, ասենք, կան մի քիչ ավելի, ռուսերեն ասած, приземленный ուժեր, ասում են՝ «մերը 17 է»: Ինչ է, ձեռ ե՞ք առնում: Այսինքն, էդ ոճով գնում եք, ուզում եք երկրում բան փոխե՞ք: Դուք փոշիացնելու եք մեր ժողովրդի քվեները, էդ փոշիացված ձայները գումարվելու են առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերն ընկած ուժերի վրա», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. - «Էդ դուք ուզում եք լավ բան անեք՝ լավ բան չեք կարողանում անե՞ք: «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեց՝ մեր դռները բաց են, ժողովուրդ: Պլատֆորմ է: Տարոն Սիմոնյանը ելույթ էր ունենում՝ կուսակցական չի: Սա պլատֆորմ է»:
Այսօր հրապարակված «Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հարցումների համաձայն՝ «Լուսավոր Հայաստան»-ն այժմ 2 տոկոս վարկանիշ ունի, իսկ խորհրդարան անցնելու համար պետք է առնվազն 5 տոկոս ձայն հավաքել:
Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ իրենց ավելի վաղ իրականացրած հարցման արդյունքները ներկայացրեց. - «Մենք ունեցել ենք հարցում մոտավորապես մինչև նախկին իշխանության դաշտը պառակտվելը, էդ ժամանակ ենք ունեցել՝ մենք երրորդ տեղով գնում էինք: Պառակտվելուց հետո, նշանակում է, որ էնտեղ սեգմենտը, որը որ Քոչարյանի շուրջ էր կենտրոնացած, կիսվել է: Հետևաբար՝ շանսերը մեծանում են»:
«Ես քանի որ արդեն ասացի, որ, էդ օդերում եղած ուժերին, ըստ էության, մի քիչ քննադատեցի, չեմ ուզում հիմա ասել ինչ-որ բան, որը ինձ կդարձնի, մեզ բոլորիս կարձնի օդերում եղած: Ժողովուրդը տեղամասերում կորոշի՝ ով է ֆավորիտը», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:
«Լուսավոր»-ն ընտրություններին մասնակցում է «Կա այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով: «Միասին բոլորով դա ասենք, տեսնենք՝ կստացվի՞ մեր մոտ, թե՞՝ ոչ, որովհետև դա լսելու եք բոլոր տեղերում. կա այլընտրանք, քվեարկի՛ր, կա այլընտրանք, քվեարկի՛ր, կա այլընտրանք, քվեարկի՛ր», - ասաց Մարուքյանը, հաջորդեցին ծափահարությունները:
Համագումարի ընթացքում «Լուսավոր»-ը նոր քաղաքական ծրագիր ընդունեց, որը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Կուսակցությունն առաջարկում է փոխել Սահմանադրությունը՝ «ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները, վերականգնել Գյուղատնտեսության, Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները, բնականաբար՝ ավելի արդյունավետ կառուցվածքով», - հայտարարեց Գորգիսյանը: