«Լուսավոր Հայաստան»-ը համագումար է անցկացնում. Մարուքյանը շեշտում է՝ «սա լավ օրվա համագումար չի»

«Սա լավ օրվա համագումար չի, սա լավ օրից չի, որ մենք էս ձևով ենք հավաքված: Բայց, այո, կարևոր առիթ է, որ ևս մեկ անգամ խոսենք, թե ինչ ենք անում և ուր ենք գնում, ոնց ենք էս իրավիճակից դուրս գալու», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր իր կուսակցության 3-րդ համագումարում ելույթի ժամանակ:

Նա հիշեցրեց, որ համագումարը պետք է կայանար մեկ շաբաթ առաջ, սակայն «երբ որ մեր թշնամին ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, «Լուսավոր Հայաստան»-ը այն չեղարկեց»: «Հետո մենք տեսանք, որ համագումարները համագումարների հետևից երկրում տեղի են ունենում, և հասկացանք, որ ոչ մի գործընթաց, ըստ էության, կանգ չի առնում, և հասկացանք, որ այլևս ընտրությունների գնացքը շարժվել է, և դա գնում է առաջ: Հետևաբար՝ այս ընտրություններից միանշանակ կախված է շատ բան», - նշեց Մարուքյանը:

«Առաջինը կոչ արեցինք, որ արտաքին թշնամու դեմ բոլորով լինենք համախմբված, առաջինը կոչ արեցինք լուծումներ գտնել բանակցությունների միջոցով, թշնամուն դուրս հրավիրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից: Մինչ օրս այդ ճգնաժամը շարունակում է խորանալ, որովհետև օր-որի մենք տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին իր զորքերը ավելացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից», - շեշտեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա այո, դրանք կարող են քննարկվել ապագայում, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության սպառնալիքի, զենքի, ուժի ներքո: Այսինքն՝ մեզ ի՞նչ է առաջարկվում. մեզ ասում են՝ «եկեք ինքնաձիգը դնենք ձեր գլխին և էդ ինքնաձիգը ձեր գլխին դրած ձեզ հետ քննարկենք, թե սա մեր սահմանն է՞, թե՞ ձեր սահմանն է»: Եվ ամբողջ աշխարհով մեկ մենք աղաղակում ենք, աշխատում ենք, զբաղվում եք, տեղեկացնում ենք, իրազեկում ենք, մեր գործընկերներն համախմբում ենք էս պրոցեսում, որ չի կարող լինել իրավիճակ, որ ինքնաձիգը մեր գլխին դնեն և մեզ ասեն՝ «եկեք քննարկենք, թե որս որտեղ ենք կանգնելու»: Չի կարող նման բան լինել: Բնականաբար, միջազգային հանրության և մեր դիվանագիտության կարևոր աշխատանքի միջոցով ի՞նչ է պետք անել՝ պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա էդ տարածքից»:

«Կրակե՞լ՝ էս հարցին պատասխան տվել ենք՝ կրակելը միշտ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է: Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ, այո, կենաց-մահու կռիվ է տրվել: Բայց հիմա, բնականաբար, պետք է էնպես անել, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ, միջազգային ճնշմամբ մեր թշնամուն դուրս հրավիրենք Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից», - ասաց Մարուքյանը:

Հաջորդ խնդիր, ըստ նրա, հետևյալն է. - «Մեր թշնամուն մենք լավ գիտենք, բայց է՞լ ինչ թշնամի կա, որ մենք էդ թշնամու մասին ոնց որ թե չենք ուզում խոսել. դա ատելությունն է, երկիրը բաժան-բաժան է արված, մեր հասարակությունը, լցված ատելությամբ մեկը մյուսի նկատմամբ, էդ ատելությունը անդադար քարոզվում է երկար ժամանակ, ինչի մասին միշտ խոսել ենք, խոսում ենք, մերժել ենք, մերժում ենք: Եվ էս ամբողջ ընտրական պրոցեսը, ըստ էության, գնում է նորից նույն հունով, այսինքն՝ իրար ատել, իրար բաժանել, իրար թուլացնել և թշնամո հանդեպ, թշնամու դեմ կանգնել թուլացած, իրարից մասնատված: Եվ դրա համար էինք մենք ասում, որ երբ որ թշնամին մտնում է Հայաստանի Հանրապետության տարածք, մենք մի թշնամի ունենք՝ էդ էդ թշնամին է, որը մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, մենք մի ատելու կերպար ունենք, որը մտել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք: Եվ էս իմաստով է, որ «Լուսավոր Հայաստան»-ը ամեն ինչ անում է, որ էդ ատելությունը, էդ թշնամությունը մեր ներսում, մեր երկրի ներսում, մեր ժողովրդի մեջ տեղ չգտնի: Բայց ցավով պետք է նշեմ, որ ըստ էության էս մասով որևէ մեկը հաջողություն չունի, և մենք գտնվում ենք էդ բաժան-բաժան եղած իրավիճակում»:

«Իրավիճակը իրապես շատ-շատ ծանր է: Եթե էս վիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրության մենք չհասնենք», - շեշտեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդը: