Վեց ամիս առաջ վարչապետ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերը իրագործելու համար չէ, որ գրվել էին։ Արտահերթ ընտրություններից առաջ ամփոփելով դրանց կատարման արդյունավետությունը՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, որը վստահ է՝ նոյեմբերին այդպիսով Փաշինյանը փորձում էր ընդամենը ժամանակ շահել և հետաձգել ընտրությունները։
«Այդ կետերը հիմնական մասով կատարված չեն, բայց ես չեմ էլ կարծում, թե ի սկզբանե ենթադրվում էր, որ դրանք պետք է կատարվեն, որովհետև իմ պատկերացմամբ, դա առավելապես ոչ թե ճանապարհային քարտեզ էր, այլ ավելի ճիշտ պատճառաբանությունների ցուցակ, թե ինչու է պետք արտահերթ ընտրություններ իրականացնել այդ պահին, այլ վեց ամիս հետո, այսինքն դա ընդամենը ժամանակ ձգելու խնդիր էր, և Նիկոլ Փաշինյանը կորղացավ հաջողությամբ անել դա, որովհետև այդ հայտարարությունից հետո ներքաղաքական լարվածությունը համեմատաբար թուլացավ», - ասաց Բաղդասարյանը:
44-օրյա պատերազմից հետո, երբ քաղաքական ուժերը պահանջում էին վարչապետի հրաժարականը, Փաշինյանը նոյեմբերի 18-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց և հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ՝ ասելով, որ առաջիկայում ամենակարևոր անելիքները դրանք են։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում, գերիների վերադարձ, երաշխիքներ, սրանք էին Փաշինյանի ճանապարհային քարտեզի հիմնական կետերը։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ այդ փուլում դա իրավիճակը լիցքաթափելու փորձ էր. «Պարզ է՝ երկարաժամկետ քաղաքականություն պետք է վարվի, բայց աջակցություն, իրոք, շատերին տրվել է, բավարար է, թե ոչ ժամանակը ցույց կտա, բայց այն, ինչ որ արվել է, դա միանշանակ է»:
Ճանապարհային քարտեզի առաջին կետում կարդում ենք. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»:
Բաղդասարյանն ասում է, քանի դեռ Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին, դա ոչ վեց ամսում, ոչ էլ տեսանելի ապագայում հնարավոր չի լինի իրագործել։ Միևնույն ժամանակ նկատում է՝ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կհասնի նրան, որ բանակցություննեը վերսկսվեն, քանի որ լուծված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ հարցերը թողնում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, և քանի դեռ Հայաստանի իշխանությունները սիրով կամ հաճույքով ճնշվում են, այդ հարցերը չեն լուծվի: Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ այդ հարցերը կլուծվեն ընտրություններից հետո, եթե Հայաստանում ուրիշ իշխանություններ լինեն», - ասաց Բաղդասարյանը:
Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ բանակցային գործընթացի վերականգնման առումով հայաստանյան իշխանություններն իրենցից կախված քայլերը արել են. «Այն նույն Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, հայտարարեցին, որ Մինսկի խումբը պետք է վերադառնա տարածաշրջան, սկսի աշխատել, ինչ-որ առաջին կոնսուլտացիաները դեսպանների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի սկսվեցին, դա փաստ է, ուրեմն այստեղ պրոցեսը կա»:
Ճանապարհային քարտեզի 6-րդ կետը, որը ենթադրում է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, ևս ամբողջությամբ լուծված չէ։ Ընդունելով, որ միջազգային հարթակներում հայտարարությունների և դատապարտումների առումով հայկական կողմը որոշակի հաջողություններ ունեցել է, քաղաքագետները նշում են, այնուամենայնիվ, Ադրբեջանում շարունակում են պնդել, որ իրենց մոտ պահվող ազգությամբ հայերը ռազմագերիներ չեն:
«Բավական մեծ թվով գերիներ ունենք, բայց եթե տեսաք, Հայաստանի աշխատանքները ԵԽԽՎ-ում, միջազգային հանրության, Ռուսաստանի հետ փոքր արդյունքներ տալիս են»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:
Ճանապարհային քարտեզում մեծ տեղ է հատկացված այն կետերին, որոնք ենթադրում են սոցիալական երաշխիքների ստեղծում պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և վիրավորվածների համար։ Քաղաքագետները կարծում են, որ այս ուղղությամբ տարված աշխատանքների մասին բարձրաձայնումներն էլ կլինեն վարչապետ Փաշինյանի նախընտրական քարոզչության մի մասը։
Փաշինյանը, հիշեցնենք, խոստացել էր 2021 թվականի հունիսին հանդես գալ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ։