Մատչելիության հղումներ

ՔՊ-ի Շիրակի մարզային նախընտրական շտաբը կղեկավարի մարզպետ Հովհաննես Հարությունյանը


Շիրակի մարզպետը կղեկավարի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային նախըտրական շտաբը: Հովհաննես Հարությունյանը այս մասին հայտնեց իր պաշտոնավարման 100 օրերն ամփոփող ասուլիսում։

Կլինի՞ կուսակցության նախընտրական ցուցակում, թե՞ ոչ. այս հարցի պատասխանն առայժմ չուներ․ - «Ցանկում ընդգրկված լինելու մասին դեռևս շուտ է ասելը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումը լինելուց հետո նոր արդեն պարզ կլինի ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում։ Որևէ մեկը այս պահին չի կարող ասել իր ներկա գնտվելու մասին ցուցակում։ Ես այս պահին ունեմ նաև հստակ պարտականություն Շիրակի մարզում կազմակերպելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը ընտրություններին՝ որպես մարզային շտաբի պետ»։

Մարզպետը խոստովանեց, որ դա ընտրական գործընթաց կազմակերպելու իր առաջին փորձն է լինելու։ Մտավախություն ունի միայն մեկ հարցում․ - «Որ մարդիկ չեն գնահատի իրենց ձայնը։ Իմ ամենամեծ հիասթափությունը և մտավախությունը կարա լինի մենակ դա»։

Թեպետ ընդդիմադիր ուժերը չեն բացառում, որ իշխանությունները վարչական ռեսուրս կկիրառեն, Շիրակի մարզպետը համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման պարագայում վարչական ռեսուրսի կիրառումը բացառում է:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, հավաքներին մարդկանց կամքին հակառակ մասնակցելուն, որոնք քրերորեն պատժելի արարքներ են Հայաստանում, Հովհաննես Հարությունյանն ասաց․ - «Էդտեղ ես պետք է նշեմ մեր քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացման իմ ունեցած հույսը։ Որ մենք որպես քաղաքացի պետք է վերջիվերջո մի օր աչքերս բացենք ու ասենք, որ մենք չպետք է լինենք նպատակի ճանապարհին գործիք։ Եթե մենք մեզ չենք գնահատում և մենք մեզ համարում ենք մարդ, ում կարելի է փող տալ, ում ձայնը կարելի է գնել, դա շատ վատ է։ Էլ չեմ ասում էն մարդկանց համար, ովքեր դա փորձելու են անեն կամ անում են․․․»

«Ազատության» հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարզպետից կողմ քվեարկող քաղաքացիների կոնկրետ թիվ է պահանջել, Հարությունյանը արձագանքեց. – «Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ առնչվում ընտրություններ կազմակերպելու հետ, և ինձ էլ միշտ հետաքրքիր եղել էդ հարցը։ Ասել եմ, երևի տենց մի օր կկանչեն, կասեն՝ էս ձևով, բայց հավատացնում եմ, նման բան չի եղել։ Հանդիպում ենք, շփվում ենք․․․ բայց նման տեսակի մոտեցում ես չեմ տեսել, իմ առաջ նման հարց չի դրվել, և հստակ կարող եմ ասել, որ համենայն դեպս այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, նման խնդիր իր առաջ չի դրել»։

Քաղաքաքական հարցերից զատ, մարզպետը նաև ներկայացրեց, թե պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ինչ խնդիրների է բախվել ու ինչ հարցեր է հնարավոր եղել լուծել: Խնդիրներից մեկը, որն ամենաշատն է մտահոգել արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թիվն է: Մարզպետն ասում է, որ առաջիկայում և՛ քաղաքաշինական, և՛ ճանապարհաշինական մեծ ծրագեր են սկսվելու, և աշխատուժի պակասի խնդիր կունենան: Կարևորեց, որ հետպատերազմյան ժամանակահատվածում կառավարությունը մարզային ծրագրերը չի կրճատել։

XS
SM
MD
LG