Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը։ Զրուցակիցները երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից բացի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Իլհամ Ալիևը «մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել հայտնի միջադեպի հարցով Ադրբեջանի դիրքորոշումը»։

Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության ֆոնին` մինչ Երևանը աջակցություն էր ակնկալում ՀԱՊԿ-ից, նույն այդ դաշինքի անդամ Բելառուսը հայտարարել էր Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու մասին։

Անցնող շաբաթ, ժամանելով Բաքու, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, թե Մինսկը եղել է և կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի հենակետն ու գործընկերը:

Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: