Այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում, քիչ առաջ նման հայտարարություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը։
«Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբևեռ ուժերի կողմից, հայտարարում ենք.
Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։
Հետևաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ», - ասված է հայտարարությունում, որը ստորագրել է կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: