Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին:
Հանդիպման նախաձեռնությունը Արմեն Սարգսյանինն էր, հանդիպում էլ տեղի է ունեցել նախագահի նստավայրում։
Ըստ նախագահի գրասենյակի՝ նրանք կարծիքներ են փոխանակել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։
Ռուսաստանը, հիշեցնենք, առաջարկել է սահմանների հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծել՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Հայաստանն էլ հայտարարել է՝ կհամաձայնի, եթե իր պահանջները բավարարվեն՝ ադրբեջանական զորամիավորումները դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարաքից և վերադառնան ելման դիրքեր։
Այսօր նախագահն ու վարչապետի պաշտոնակատարն ընդգծել են, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։ Հանրապետության նախագահը ներկայացրել է իր դիտարկումները: