Ռուբինյանը վերահաստատում է՝ գյուղերի վերադարձի կամ փոխանակման բանավոր պայմավորվածություն էլ չկա

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն չէ, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հստակ չհերքեց պնդումները, թե եռակողմ բանակցությունների առարկա է նաև Արարատի և Տավուշի մարզերի անկլավային գյուղերի հանձման կամ փոխանակման հարցը։

Բացատրեց այսպես՝ վարչապետը հաստատել է, որ շրջանառվող փաստաթուղթը իրական է, իսկ դրան կից ոչ մի այլ գաղտնի փաստաթուղթ չկա։ Շրջանառված փաստաթղթում, Ռուբինյանի պնդմամբ, միայն մեկ բան կա՝ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար հանձնաժողովների ձևավորման կարգի մանրամասն նկարագրությունը։

Մինչդեռ փաստաթուղթը առաջինը շրջանառած Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը խոսելով այս գյուղերի մասին՝ պնդել էր, թե բանավոր պայմանավորվածություններ էլ կան։

Այսօր իշխանական խմբակցության պատգամավորը հերքեց, որ վարչապետը որևէ բանավոր պայմանավորվածություն ունի․ - «Սուտ էր գրել»։

Ռուբինյանը ճեպազրույցի սկզբում կտրականապես հերքում էր, թե բանավոր պայմանավորվածություն կա կամ էլ ընդհանրապես քննարկման առարկա է Խորհրդային Ադրբեջանի անկլավներ համարվող վեց գյուղերի հանձնումը Ադրբեջանին կամ դրանց փոխանակումը Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Արծվաշենի հետ։ Ճեպազրույցի ընթացքում, սակայն, արդեն չբացառեց, որ այս հարցերը ևս կարող են քննարկման առարկա դառնալ, եթե սկսվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքերը, ինչը ենթադրվում է ստորագրվելիք եռակողմ փաստաթղթով․ - «Գաղտնիք չէ ոչ ոքի համար, որ խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում այդ դելիմիտացիայի շրջանակներում, կարող են չդառնալ, կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը։ Բայց էստեղ ինչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ, եթե, կրկնում եմ, մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի ունեցավ դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ։ Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում։ Օրինակ, Հայաստանը և Վրաստանը տարբեր հատվածներում իրենց սահմանը չեն դեմարկացրել, քսանքանի տարի չեն դեմարկացրել, և այս գործընթացը շարունակվում է»։

«Ազատության» հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ինչ-որ փուլում Արծվաշենը կարող է փոխանակվել Տիգրանաշենի և Տավուշի մարզի այն գյուղերի հետ, որոնք խորհրդային տարիներին անկլավներ էին, Ռուբինյանն արձագանքեց․ - «Նման դեպքերում կարող են լինել տարբեր իրավիճակներ։ Եվ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից այս ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով որևէ տարածք չի զիջվելու»։

Նա կտրականապես հերքեց, թե այս հարցի շուրջ եղել են բանավոր քննարկումներ․ - «Բանավոր որևէ քննարկում որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ չի եղել»։

Հայկական կողմից շարունակում են շեշտել, որ ցանկացած գործընթաց հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը։ Ռուբինյանը, սակայն, չի մանրամասնում, թե ինչ պայման են առաջ քաշում ադրբեջանցիները, երբ չեն համաձայնում գնալ այդ քայլին․ - «Մենք իրենց չենք ասում՝ դուք ի՞նչ եք ուզում։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ իրենք պիտի դուրս գան, վերջ։

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս, երեկ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եթե հանձնաժողովի ստեղծմամբ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքեր են սկսում, ինչպե՞ս ենք պատերացնում, օրինակ, այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող և ԼՂԻՄ մաս կազմած Հադրութի, Շուշիի և մյուս տարածքների հարցը, հետաքրքրվեցինք Ռուբեն Ռուբինյանից։

«Այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ։ Ադրբեջանը դիտարկում է այդպես, մենք ունենք մեր դիրքորոշումը։ Կրկնում եմ՝ այս առաջարկը որևէ կապ չունի Արցախի սահմանների կամ Արցախի կարգավիճակի հետ»։

Ավելի ուշ Արտաքին գործերինախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը մերժում է այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը։

Լրատվամիջոցների հարցումներին պատասխանելով՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց․ - «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Նկատենք, որ դեռ երեկվանից էր շրջանառվում այն թեզը, որ այս հարցերում անհամաձայնություն կա կառավարության ղեկավարի և արտաքին գերատեսչության դիրքորոշումների միջև։ Երեկ նույնիսկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանը անդրադարձավ Արտաքին գործերի նախարարությանը և փոխնախարար Ավետ Ադոնցի՝ Սյունիքում հնչեցրած հայտարարությանը, թե իրենք ստորագրվելիք փաստաթղթից տեղյակ չեն։