Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով մայիսի 14-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են ընթանում։
Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստից հետո իրավիճակը դեռ ճգնաժամային որակեց՝ նշելով, որ ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ։ Նրա փոխանցմամբ, սամանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին՝ չորեքշաբթի օրը։