Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը, ասված է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և այս ուղղությամբ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:
Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։