Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: ԱԽ քարտուղարն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:
Անվտանգության խորհրդից տեղեկացնում են, որ նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից: Միաժամանակ ՊՆ-ն տեղեկացրեց, որ Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած «սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել»:
Բանակցությունները վերսկսվել են ժամը 14-ից: