Ադրբեջանական կողմը դեռ Սև լճի տարածքում է, հայտնում է Սյունիքի մարզպետը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմը դեռ Սև լճի տարածքում է: Իսկ թե ինչ ընթացք են ստացել այսօրվա բանակցությունները և արդյոք դրանք վերսկսվել են նախանշված ժամին, թե ոչ, մարզպետը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, թե ինքը տեղյակ չէ, նոր է իջնում Սև լճի տարածքից:

Երեկ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները վերսկսելու են այսօր ժամը 15-ին, սակայն «Ազատության» աղբյուրները փոխանցեցին, որ բանակցությունները նախանշված ժամին չեն մեկնարկել և կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք սկսել ժամը 17-ին:

Պաշտոնական գերատեսչությունները դեռ որևէ հաղորդագրություն չեն տարածում բանակցությունների վերաբերյալ:

Այս բանակցությունները ոչ միայն Սև լճի շուրջ են, այլև Սիսիանի և Վարդենիսի, որտեղ ադրբեջանցիները ևս առաջ էին եկել՝ հատելով պետական սահմանը:

Հայկական կողմի փոխանցմամբ՝ ադրբեջանցի սահմանապահները անհայտ ծագման քարտեզներ են ցույց տվել՝ հիմնավորելով իրենց առաջխաղացումը: