Ամերիկան ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի զորքը

ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Ամերիկան ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի իր զորքը, այսօր հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ջալինա Փորթերը միաժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադրությամբ հետևել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակին:

«Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժն անպատասխանատու է ու նաև՝ սադրիչ», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան, հավելելով` դեմարկացիայի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով:

Սա ԱՄՆ Պետքարտուղարության արդեն երկրորդ անդրադարձն է խնդրին` անցած մեկ օրվա մեջ: Երեկ էլ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն էր զսպվածության կոչ արել կողմերին` հորդորելով տարաձայնությունները հարթել միայն դիվանագիտական ճանապարհով:

Պաշտոնական Երևանը հաղորդում է մայիսի 12-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման և առաջխաղացման մասին: Հայաստանն այդ առնչությամբ պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է, և դաշնակից Ռուսաստանին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, առայժմ՝ անարդյունք: