Ի՞նչ պրակտկիկ ազդեցություն կարող է ունենալ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանին զորակցություն հայտնող հայտարարությունը տարածաշրջանի վրա։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ առայժմ գոնե բարոյական։
Սակայն, ըստ Բադալյանի, կարևոր է տեսնել՝ կկարողանա՞ պաշտոնական Երևանը ճկուն կեցվածքով հանդես գալ։ «Հայաստանը չպետք է անտեսի և անարձագանք թողնի իր համար դրական և ողջունելի որևէ դիրքորոշում և արձագանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբանը։
Երեկ ֆրանսիայի առաջնորդն իր ֆեյսբուքյան էջում հայերենով գրել էր. - «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:
Էմանյուել Մակրոնը նաև հեռախոսազրույց էր ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունից հայտնում են, որ Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, կարևորել հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհարեժշտությունը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, իր ֆեյսբուքյան էջում էլ հավելել էր, որ Ֆրանսիան ցանկանում է, որ տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի` կայունություն և անվտանգություն բերելու համար:
Ըստ Բադալյանի՝ շատ կարևոր է, թե ինչպես կարձագանքի Երևանը ֆրանսիական այս առաջարկին։
«Երևանը գոնե առայժմ այդ առաջարկին արձագանք չի տվել, և սա թերևս պայմանավորված է հենց նրանով, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, հասկանում ենք, որ այստեղ Հայաստանը գործելու է Ռուսաստանի հետ համաձայնեցված՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով», - ասաց քաղաքական վերլուծաբանը։
Բադալյանը ցավով է նշում՝ պետք է ընդունել, որ Ֆրանսիան մեծ ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացների վրա, և այստեղ, ըստ նրա, կարևոր է այլ երկների հետ համագործակցությունը։
«Իհարկե Ֆրանսիայի դիրքորոշման արդյունավետությունը քաղաքական պրակտիկ իմաստով կարող է բարձրանալ կա՛մ Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցված աշխատանքի, կա՛մ Ռուսաստանի հետ աշխատանքի շնորհիվ։ Մենք տեսանք Միացյալ Նահանգների արձագանքը, որ իրենք հետևում են իրադարձություններին, և, կարծես թե, գոնե առայժմ Նահանգները մտադիր չէ այս հարցում աշխույժ քայլեր ձեռնարկել և անմիջական ներգրավածության ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այս տեսանկյունից, օրինակ, ՀԱՊԿ-ի հանգամանքը, դա ֆորմալ գործիքակազմն է, որի հեռանկարը, սակայն, քաղաքական իմաստով այնքան էլ հուսադրող չէ, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ պահվածքն ընդհանրապես այս տարիների ընթացքում և վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ», - նշեց Բադալյանը։
Պաշտոնական Վաշինգտոնը զսպվածության կոչ էր արել և՛ Երևանին, և՛ Բաքվին։ Թվիթերի իր էջում այս մասին կարճ գրառում էր արել Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Ինչ վերաբերւմ է Հավաքական անվտանգության պայմանագրին, որտեղ ռազմական դաշնակից է Հայաստանը նաև Ռուսաստանի հետ, կազմակերպությունը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն։
Հայաստանի համար, ըստ վերլուծաբանի, շատ կարևոր է այլընտրանքը ռուս-թուրքական ձևաչափին։ «Դա Մինսկի խմբի համանախագահությունն է, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ Այստեղ մի բան շատ կարևոր է՝ պետք է պատրանք չունենալ, թե էս ձևաչափերում հարցերը լուծվելու են Հայաստանի օգտին, բայց, կրկնեմ, ռուս-թուրքական ձևաչափի պրոցեսները դուրս բերելը և այլընտրանքային մեխանիզմներ ձևավորելը, Հայաստանի համար շատ կարևոր է քաղաքական ճկունության դաշտն ընդլայնելու համար, հատկապես, եթե նկատի ունենք, որ Երևանն, էլի նշեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ավելի մեծ կախվածություն է ձեռք բերել Ռուսաստանից», - ասաց Հակոբ Բադալյանը։