Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։
Ըստ Հայաստանի ԱԽ գրասենյակի՝ հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր:
Կողմերը մտքեր են փոխանակել և քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծել է, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե ադրբեջանական բանակն ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը, որոնք մինչ այդ անհասանելի էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Գրիգորյանը Պատրուշևի հետ զրույցում ադրբեջանական կողմի հավակնություններն անհիմն է համարել՝ նշելով, որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:
Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը՝ հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:
Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար: