Քաղաքական մեկնաբանը չի կարծում, թե հիմա ճիշտ կլինի բուռն գործունեություն սպասել ՀԱՊԿ-ից

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ դեռ վաղաժամ է ասել, որ Ադրբեջանի հետ բանակցությունները, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձախողվել են։

Սակայն, նրա խոսքով, ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծված, ինչպես քաղաքական մեկնաբանը բնորոշեց, ճարտարապետությունը, վտանգված է և ապագան մնում է մշուշոտ, իսկ ՀԱՊԿ-ից հիմա բուռն գործունեություն սպասելն էլ չի կարծում, թե ճիշտ կլինի։

«Ազատություն»․ - Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին աջակցության համար։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի այս դիմումը, արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձախողվել են։

Ռուբեն Մեհրաբյան․ - Ներկայումս ասել, որ ձախողվել են, իհարկե վաղաժամ է, բայց ակնհայտ է մի բան, որ այսպես ասեմ, ողջ այս նոր ճարտարապետությունը, որը ստեղծվել է նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ, փաստորեն, էապես վտանգված է, և ապագան այս պահին մնում է մշուշոտ։ Հետևապես իրավիճակը, համենայն դեպս, այո, պահանջում է ոչ ստանդարտ քայլեր, և Հայաստանի իշխանություններն էլ այդ քայլն արեցին՝ օգտվելով այն զինանոցից, որը նրանք այս վայրկյանին տնօրինում են։

«Ազատություն»․ - Հայաստանն ի՞նչ կարող է ակնկալել ՀԱՊԿ-ից, մենք հիշում ենք, որ, օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ ռմբակոծվում էր նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, Ռուսաստանի նախաձեռնած այդ դաշինքը, ըստ էության, անգործության էր մատնված։

Ռուբեն Մեհրաբյան․ - Ես չեմ կարծում, որ հիմա ճիշտ կլինի բուռն գործունեություն սպասել ՀԱՊԿ-ից, որովհետև այն, ինչ մինչ հիմա լսեցինք, համենայն դեպս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական մեկնաբանությունը, մեկ թթու խոսք էլ Ադրբեջանի հասցեին չկար, այսինքն, որ դատապարտում ենք, կամ անթույլատրելի է, չկա նման բան, ոչ թթու խոսք էլ չկա։ Դե, գիտեք ինչ, վարչապետ Փաշինյանն ինքն է ասում, որ, «այո՛, Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց պետք է փաստենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի թշնամին չեն», հետևապես Ռուսաստանը որևէ կշտամբանքի խոսք չի ասելու ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, եթե, ըստ մեզ, դրա անհրաժեշտությունը կառաջանա։ Մենք նաև տեսանք՝ Լավրովն է Բայրամովի հետ հեռախոսազրույց ունեցել, այնտեղ, իհարկե, հորդորներ կան, բայց ոչ ավելին։

Սյունիքում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջին օրկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց։ Վերջին նիստից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին և հանձնարարեց մի քանի պաշտոնյաների միջոցներ ձեռնարկել` այս խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը: