Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ` «հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ»։
Ըստ ռուսական կողմի, Լավրովը, ինչպես և ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ընդգծել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
«Կարևորվել է նման բոլոր միջադեպերը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հավելելով` Մոսկվան պատրաստակամ է աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետևողական կարգավորմանը։ Չնայած Երևանից հնչող հայտարարություններին, թե Ադրբեջանը դիվերսիա է իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, ռուսական կողմը պաշտոնական հայտարարությամբ Բաքվին չի դատապարտել, Հայաստանին աջակցող պնդումներ չի արել։