Իսրայելի բանակն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ պաղեստինցի զինյալները հրթիռակոծել են հրեական ավանների խիտ բնակեցված թաղամասերը: Առավել սաստիկ հրթիռակոծության են ենթարկվել Աշդոդ և Աշկելոն քաղաքները:
Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել է 26 մարդ, այդ թվում` 9 երեխա, վիրավորների թիվը գերազանցում է 100-ը:
Իսրայելը հայտնել է, որ հարվածներ է հասցրել 130 թիրախների այն բանից հետո, երբ «Համաս» շարժման զինյալները Գազայի հատվածից մոտ 200 հրթիռ են արձակել Աշկելոնի հրեական թաղամասերի ուղղությամբ:
Հրթիռների մեծ մասը վնասազերծվել է «Երկաթե գմբեթ» իսրայելյան հակաօդային պաշտպանության գերարդիական համակարգի միջոցով:
Ըստ Իսրայելի իշխանությունների, պաղեստինցիների կազմակերպած գրոհների հետևանքով 6 մարդ վնասվածք է ստացել:
Անցած երկու օրում Երուսաղեմում և Արևմտյան ափի շրջաններում տեղի են ունեցել արաբ-իսրայելյան ընդհարումներ, որոնց ընթացքում տուժել է իսրայելցի 21 ոստիկան և առնվազն 7 խաղաղ բնակիչ: Տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել նաև մի քանի տասնյակ պաղեստինցիներ:
Իսրայելը զորակոչել է պահեստի մոտ 5 հազար զինծառայող: Ոստիկանությունը հայտարարել է, որ «կոշտ պատասխան կտա հասարակական անդորրը խախտելու բոլոր փորձերին»:
Մի շարք արաբական և մահմեդական երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, խստորեն դատապարտել են Իսրայելի գործողությունները և իրենց համերաշխությունն են հայտնել պաղեստինցիներին: