Երուսաղեմում շարունակվում են բախումներն Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև: Լարվածության նոր առիթը մայիսի 10-ին Երուսաղեմի օրը նշելու միջոցառումներն ու երթերն են քաղաքի հին թաղամասերով։ Պաղեստինցի բժիշկներն այսօր հաղորդել են առնվազն 200 վիրավորված պաղեստինցիների մասին, իսկ Իսրայելի ոստիկանությունը հայտնում է, որ 12 ոստիկան է վիրավորվել։
Արդեն երրորդ օրը շարունակվող բախումերում, ըստ կողմերի հաղորդագրությունների, տասնյակ ոստիկաններ ու հարյուրավոր պաղեստինցիներ են վիրավորվել։
Բախումները սկսվել էին մայիսի 7-ի գիշերը Ալ Աքսա մզկիթի մերձակայքում։ Մահմեդականների սրբազան Ռամադան ամսին Իսրայելի իշխանությունները որոշել են սահմանափակել հավատացյալների մուտքը Ալ Աքսա մզկիթ, ինչն էլ լարվածության և բախումների պատճառ է դարձել։
Միջազգային հանրությունը հանդարտության կոչ է անում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելին ահաբեկչական երկիր է անվանել, որը Երուսաղեմում հարձակվում է մահմեդական հավատացյալների վրա։