Բաքվում Լավրովի քննարկելիք հիմնական խնդիրներից է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-11-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այց է կատարում Բաքու, որտեղ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բազմակողմ իրականացմանը։ Պլանավորված է քննարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, ղարաբաղյան կարգավորման հումանիտար ասպեկտները, հետկոնֆլիկտային վերականգնման ու խաղաղ կյանք հաստատելու հարցերը», - հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ հիմնական խնդիրներից է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։

Հաղորդագրությունում նաև նշված է, որ ռուսական կողմը տրամադրված է Ադրբեջանի հետ շարունակել բաց և փոխհարգալից երկխոսությունը բոլոր ասպեկտներով հարաբերությունները զարգացնելու համար՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Մայիսի 5-6-ը Լավրովն այցելել էր Երևան, հանդիպել Հայաստանի ղեկավարությանը։