Քաղաքագետի համոզմամբ՝ եթե Տեր-Պետրոսյանը դաշինքի առաջարկ է արել Քոչարյանին և Սարգսյանին, ուրեմն լուրջ վտանգներ են երկրի գլխին կախված

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի համոզմամբ, եթե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցության կամ դաշինքի առաջարկ է արել մարդկանց, ում հասցեին ամենածանր մեղադրանքներն է հասցեագրել, ուրեմն լուրջ վտանգներ են երկրի գլխին կախված։

Քաղաքագետի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի մոտիվը բացառապես եղել է այն, որ եթե Հայաստանում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ապա Հայաստանին սպասվում են նոր աղետներ, նոր փորձություններ։

Արման Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Քննարկումները, գիտեք, չեն մարում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի փրկության ծրագիր է առաջարկում, «վեր է դասում պետական շահը, քաղաքական սուր տարաձայնություններին», պնդում են գաղափարը ողջունածները, ընդդիմախոսները հիշեցնում են, որ նախագահական ընտրապայքարի մեջ մտնող Տեր-Պետրոսյանը 2007-ին ներողություն էր խնդրում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու և «մարդկանց վզին փաթաթելու համար», Մարտի 1-ը համարում էր «այդ ժամանակվա իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված սպանդ»։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, ի՞նչ նպատակ է հետապնդում Տեր-Պետրոսյանն՝ ըստ Ձեզ։

Արման Գրիգորյան․ - Ինչ վերաբերվում է այդ քննադատություններին, որ թե ինչպես կարող էր Տեր-Պետրոսյանը դաշինքի կամ համագործակցության առաջարկ անել մի մարդու, կամ մարդկանց ում հասցեին ամենածանր մեղադրանքներն է հասցեագրել, ես ճիշտն ասած մի քիչ զարմանում եմ այդ քննադատությունների հեղինակների․․․, ուզում եմ նուրբ ձևակերպել, ավելի խորը մտածելու, ավելի խորը նայելու ցանկություն կամ կարողություն չունեն այդ տեսակ իրադրություններում։

Իրականում ամենաճիշտ ռեակցիան պետք է լիներ, այն որ մտածեին, թե ինչը կարող էր ստիպել Տեր-Պետրոսյանին նման առաջարկություն անել՝ ելնելով այն փաստից, որ նա էդ տեսակ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, որ ժամանակին եղել է նրանց ամենասուր քննադատը, ամենածանր մեղադրանքներն է հասցեագրել նրանց, ուրեմն ինչքան օրհասական է վիճակը, ինչ վտանգներ կան երկրի գլխին կախված, որ Տեր-Պետրոսյանին ստիպել է նման առաջարկություն անել։ Ռեֆլեքսը սա պետք է լիներ, իրականում հակազդեցությունը սա պետք է լիներ։

Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի մոտիվը բացառապես եղել է այն, որ եթե Հայաստանում իշխանափոխություն չլինի, եթե Հայաստանում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ապա Հայաստանին սպասվում են նոր աղետներ, նոր փորձություններ և դրանից խուսափելու միակ ռեալ հնարավորությունը, նման շատ անսովոր, բայց մեծ կոնսոլիդացիայի շանսեր պարունակող դաշինքի ձևավորումն էր, ուրիշ մոտիվ հնարավոր չէ վերագրել Տեր-Պետրոսյանին, ուրիշ բան հնարավոր չէ մտածել, որ նա, չգիտեմ, քաղաքական իշխանության համար, նեղ ձևակերպված շահի համար, նման դաշինքի կգնար։ Իրականում ակնհայտ է, որ այդ քայլը նեղ քաղաքական շահերի, կամ նեղ շահերի առումով, միայն վնաս կարող էր հասցնել Տեր-Պետրոսյանին, հետևաբար, եթե նա այդ ռիսկին գնում էր, եթե նա այդ գինը պատրաստ էր վճարելու նեղ քաղաքական իմաստով, ուրեմն իսկապես այստեղ գործ ունենք շատ լուջ խնդրի հետ, շատ լուրջ վտանգների հետ, և նա պատրաստ էր դա անելու։

Մի բան էլ ասեմ այս կապակցությամբ, սա, իհարկե, արդեն կլիշե է դարձել․ դաշինքը չի նշանակում համաձայնություն, կամ հարմոնիա, կամ դաշինքի անդամների հետ կիսել նրանց տեսակետները, գաղափարախոսությունները, քաղաքական նախընտրությունները և այլն։ Սա արդեն կլիշեի է վերածվել, սրա մասին շատերն են խոսել, երբ որ Չերչիլը Ստալինի հետ դաշինքի էր գնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մոտիվն այն չէր, որ Չերչիլը կոմունիզմի նկատմամբ համակրանքով էր լցվել, մոտիվն այն էր, որ ինչքան էլ սարսափելի էր կոմունիզմը, նացիզմն ավելի սարսափելի էր։ Հիմա ես չեմ ուզում այդ անալոգիան լրիվ ուղղակի կիրառվի Հայաստանի դեպքում, ես Նիկոլ Փաշինյանին նացիստ չեմ համարում, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի կողմից, բայց տրամաբանությունը նույն է, այսինքն՝ դու կարող ես երբեմն դաշնակցել մարդկանց հետ, նույնիսկ ուժերի հետ, որոնց հետ ունես ամենասուր տարաձայնություններն ու ամենատարբեր նախընտրությունները, բայց որովհետև ալտերնատիվը շատ ավելի վատն է։

«Ազատություն»․ - Պարոն Գրիգորյան, Տեր-Պետրոսյանն, իհարկե, առաջարկում է, որ համաձայնության դեպքում ամրագրվի, որ Հայաստանի նախկին ղեկավարները չեն հավակնելու որևէ պաշտոնի, նրանց երկուսի իշխանությունն այնուհանդերձ, հիշում եք, առաջին նախագահն ավազակապետություն էր որակում և դաշինքում էլի պիտի լինեին մարդիկ, որ նախկին երկու նախագահների հետ ճանապարհ էին անցել, նաև այս հակադարձումներն են հնչում։

Գրիգորյան․ - Շատ մարդկանց համար Նիկոլ Փաշինյանին այսօր աջակցելը շարժառիթն այդ աջակցության այն է, որ Նիկոլ Փաշինյանի միակ երևացող այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, և ինչքնա էլ որ իրենք դժգոհ լինեն Նիկոլ Փաշինյանի կառավարումից, Ռոբերտ Քոչարյանի վերադարձնը շատ ավելի սարսափելի է իրենց համար։ Եթե նման դաշինք ձևավորվեր, այդ դաշինքին մաս կազմող ուժերը միմյանց վերահսկելու մեխանիզմներ կունենային անխուսափելիորեն և դա նույն բանը չէր լինի, դա հնարավոր չէր լինի գնահատել որպես նախկին որևէ ուժի վերադարձ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․