Լավ երևում է` ով է պատրաստ իր ամբիցիան զոհաբերել հանուն պետության շահերի, և ով պատրաստ չէ, նկատում է Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսը շարունակում է նախապատրաստական աշխատանքներն ընտրություններին մասնակցության համար, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ծրագրային աշխատանքները, ժողովներ, բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական ուժերի և ներկայացուցիչների հետ, վերջնական որոշում առայժմ չունենք: Հնարավոր է դաշինքով գնալ, հնարավոր է միայնակ գնալ, հնարավոր է ընդհանրապես չգնալ, ամեն ինչ էլ հնարավոր է», - նշեց Զուրաբյանը` հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը լավ հեղափոխության ղեկավար էր, սակայն վատ ու աղետաբեր պետական կառավարիչ:

«Այս խնդիրը պետք է որևէ կերպ լուծվի, և իսկապես այն, ինչ որ առաջարկեց Տեր-Պետրոսյանը փորձ էր համախմբել երկրի բոլոր կարող ուժերն այդ խնդիրը լուծելու համար, ընդ որում այն բանաձևը, որ առաջարկել էր, շատ պարզ էր», - հավելեց ՀԱԿ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ երկրորդ և երրորդ նախագահները մերժել են Տեր-Պետրոսյանի առաջարկը` արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Ըստ Լևոն Զուրաբյանի` առաջին նախագահի առաջարկը պարզ էր, միաժամանակ լակմուսի թեստ ծառայեց. «Որովհետև շատ լավ երևում է` ով է պատրաստ իր ամբիցիան, իշխանության նկրտումը զոհաբերել հանուն պետության շահերի, և ով պատրաստ չէ: Այնպես որ, այս առումով բավականին լավ դեր խաղացին այս քայլերը»: