Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

Ակցիա Բելառուսում, արխիվ

Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոտնահարման համար։ Առաջարկը հնչել է երեկ` Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում։

Հեռավար քննարկմանը մասնակցել է նաև Բելառուսի նախագահության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով պատմել է անցած տարվա վիճահարույց ընտրություններից հետո ընդդիմության դեմ սկսված բռնությունների ու ճնշումների մասին։

Անցած օգոստոսից մինչ օրս, ըստ իրավապաշտպանների, ձերբակալվել է զանգվածային ցույցերի ավելի քան 35 հազար մասնակից, հազարավորները կտտանքների են ենթարկվել, 8 մարդ մահացել է։ Հարուցվել է ավելի քան 3 հազար քրեական գործ, որևէ պաշտոնյա կամ ոստիկան, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել։