Կանադան ողջունում է հայ գերիների ազատ արձակումը։
«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը՝ կարևորագույն քայլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ուղղությամբ», - ասված է Թվիթերում երկրի արտաքին քաղաքական գերատեսչության էջում արված գրառման մեջ։
«Կանադան կոչ է անում ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին», - նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, երեքշաբթի երեկոյան ևս երեք ռազմագերիներ վերադարձան Հայաստան, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում»։
Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։
Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի տարածքից գերեվարված վեց տասնյակից ավելի զինծառայողներին պաշտոնական Բաքուն ռազմագերի չի համարում, այլ նրանց բնորոշում է որպես ահաբեկիչներ։