Լավրովի հետ հանդիպմանը Փաշինյանը շեշտել է` անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից:

Փաշինյանը նշել է, որ վերջին ամիսներին երկկողմ հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ «հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը», ընդգծել է Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում:

«Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար: Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությանը, որում արտահայտված դիրքորոշումը, ըստ Փաշինյանի, համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ հայկական կողմից դիրքորոշմանը:

«Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա», - շեշտել է նա:

Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, թե ՌԴ-ն հավատարիմ է` ապահովելու դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը. «Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի»:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ ռուս խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ. «Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝ անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: