Օմբուդսմենը արտահերթ զեկույց է պատրաստել՝ Բաքվի «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է պատրաստել անգլերեն լեզվով: «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»՝ այսպես է վերնագրված զեկույցը, որում ներկայացվում է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն:

Զեկույցը ներկայացնում է նաև միջազգային մարմինների և լրատվամիջոցների հրապարակային դատապարտող հայտարարությունները պուրակի վերաբերյալ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում», - գրել է օմբուդսմենը: