Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ:
Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բանակցությունների առաջնային թեման, այդուհանդերձ, կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ուղղություններին», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաև Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ ապրիլի 13-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: