Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի բողոքը, տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը մարտի 22-ին Գասպարյանի փաստաբաններին էր վերադարձրել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված բողոքը։ Դատավոր Լիանա Հակոբյանը եզրահանգել էր, որ իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատ արձակված Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրը առոչինչ ճանաչելու պահանջով, չի կարող քննել, քանի որ չկա Գասպարյանին ազատելու մասին փաստաթուղթ։ Դատավորն առաջարկել էր կա՛մ փոխել պահանջը, կա՛մ էլ իր որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան։

Վերաքննիչի դատավոր Կարեն Ավետիսյանը քննել է բողոքը և եզրահանգել, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, որը հանրապետության նախագահը չի ստորագրել, բայց և չի ուղարկել Սահմանադրական դատարան, իրենից ներկայացնում է Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին իրավական ակտ։ Եվ նման պայմաններում Օնիկ Գասպարյանը կարող է Վարչական դատարանում բարձրացնել իրեն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին իրավունքի ուժով ուժի մեջ մտած՝ փաստացի գոյություն ունեցող, համապատասխան իրավական ակտի իրավաչափության ստուգման հարցը։

Հետևաբար, Վերաքննիչ վարչական դատարանը հիմնավոր չի համարել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի եզրահանգումը։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան իր պաշտոնանկության հարցով: Նրա հայցը վերաբերում է իրեն ազատման ակտը առոչինչ ճանաչելուն, հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին Գլշխավոր շտաբի պետին պաշտոնից ազատել, և որ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, նույն օրն ավելի ուշ միջնորդեց նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։

Գասպարյանը հեռացվեց իր և շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո: