Միացյալ Նահանգները ցանկանում է ավելի կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ագրեսիվ Կրեմլը կորոշի գործել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմենիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նախագահ Բայդենը վաղուց, այդ թվում` մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը շատ պարզ հասկացրել է, որ այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք կարձագանքենք, սակայն մենք չենք ձգտում էքսկալացիայի, մենք կնախընտրեինք ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ, և եթե Ռուսաստանը գնա այդ ուղղությամբ, մենք էլ կգնանք», - ասել է նա:
Պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնի ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայի գործողությունների վրա, հավելել, որ կան ոլորտներ, որտեղ համատեղ աշխատանքը բխում է երկու երկների շահերից: Պետդեպարտամենի ղեկավարը հույս է հայտնել, որ նախագահ Բայդենը հնարավորություն կունենա ուղիղ խոսել այդ մասին, երբ նա հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ:
Ապրիլի կեսերին ԱՄՆ ղեկավարը Ռուսաստանի նախագահին առաջարկել է հանդիպել երրորդ երկրում, որպեսզի քննարկեն այն հարցերը, որոնց շուրջ, Վաշինգտոնի կարծիքով, համատեղ աշխատանքի հնարավորություն կա, օրինակ` միջուկային զենքի չտարածում, Իրանի հետ միջուկային համաձայնագիրը: ԱՄՆ դիրքորոշմանը միացել է նաև Մեծ Բրիտանիան. արտաքին գործերի նախարար Ռաաբը Բլինքենի հետ հանդիպումից հետո ասել է, թե Ռուսաստանի հետ դրական հարաբերությունների և դիվանագիտության դուռը միշտ բաց է, և դա կիսում են ՆԱՏՕ-ի շատ երկրներ: Բայց Ռուսաստանի պահվածքը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պետք է փոխվի, իսկ այժմ այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին: Խոսքը, Բլինքենի փոխանցմամբ, Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններ սկսելու վտանգի, կիբերհարձակումների և ապատեղեկատվության, Ալեքսեյ Նավալնիին քիմիական զենքով թունավորելու մասին է:
Մեծ Բրիտանիան ավելի վաղ Ռուսաստանին անվանել էր իր անվտանգության ամենամեծ սպառնալիքը: Մոսկվան էլ սպառնացել է առաջիկայում պաշտոնապես հրապարակել թշնամական պետությունների ցուցակը, որոնց նկատմամբ կլինեն որոշակի սահմանափակումներ:
Այսօր Լոնդոնում Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները քննարկում են ռուսական քարոզչության և ապատեղեկատվության զսպման արագ արձագանքման հավաքական մեխանիզմների ստեղծման հարցը: Պաշտոնական Մոսկվան, հիշեցնենք, միշտ կտրականապես հերքել է այլ պետությունների գործերին միջամտությունը` ընդգծելով, որ Արևմուտքում այսօր պարզապես առկա է հակառուսական հիստերիա: